Հանրապետության զինկոմ Սերգեյ Չալյանին պաշտոնանկ անելուց հետո պաշտոնը դեռ թափուր է: Անգամ նախագահականում ու ՊՆ-ում նոր նշանակման մասին խոսակցություն չկա, ինչը պայմանավորված է ոչ թե արժանի հետեւորդի բացակայությամբ, այլ պարզապես համակարգային փոփոխությամբ: Այսինքն` բարձրաստիճան զինվորականները կարծում են, որ ոլորտում առկա խայտառակ կոռուպցիան պայմանավորված է սովետական համակարգով, այլ ոչ թե կաշառակեր չինովնիկներով: Եվ որպեսզի զորակոչի շրջանը ոլորտի պատասխանատուների համար չվերածվի սեզոնային խոշոր բիզնեսի, մտմտում են նոր տեխնոլոգիա հիմնելու մասին, որպիսին գործում է մի շարք եվրոպական երկրներում: Առայժմ կոնկրետ մեխանիզմներ չեն մշակվել, ընդհանուր քննարկումներ են: Եվ քանի որ դեռ չեն հասկացել, թե ինչպիսին է լինելու այն, առայժմ զերծ են մնում նաեւ նոր նշանակումից: Բացի համակարգային նորամուծությունները, նոր նշանակման համար խոչընդոտ է հանդիսանում այն, որ ՊՆ-ում պատրաստվում են զորավարժությունների, նախապատրաստական աշխատանքներն են ընթանում, մինչև սեպտեմբերի կեսերը խիստ զբաղված են լինելու, և նման կադրային հարցերի ժամանակ չկա: Չնայած առջևում աշնանային զորակոչն է, և մինչ այդ պետք է հասկանալի լինի` շարունակելու են զորակոչը սովետական մեթոդներո՞վ կազմակերպել, թե՞ եվրոմոդելով: ՊՆ-ում խոսակցություններ կան, թե հնարավոր է աշնան զորակոչի ժամանակ ՀՀ զինկոմի գործառույթն իրականացնի ԶՈւ գլխավոր շտաբի համապատասխան ներկայացուցիչը: ,Հրապարակըե նշում է, որ այստեղ այդ գծով պատասխանատուն Յուրի Խաչատուրովի տեղակալ Վալերի Նարիմանի Գրիգորյանն էր, ով Չալյանի բախտակիցն է` նրան նույնպես պաշտոնաթող արեցին: Նրա տեղը ևս մինչ այժմ թափուր է: Ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված: Վերադառնալով համակարգային փոփոխություններին` թերթը նշում է, որ այս մասին, որքան էլ տարօրինակ է, տեղյակ չէ ընդամենը մեկ ամիս առաջ համակարգը լքած նախկին զինկոմ Սերգեյ Չալյանը: Երեկ, ,Հրապարակի, հետ հեռախոսազրույցի ժամանակ, Չալյանը պնդել է, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը, իր օրոք նման քննարկում չի եղել: Ի դեպ, վերջինս դեռ ,հանգստանումե է, նոր աշխատանքի չի նշանակվել: Թերթի հարցին, թե իր հրաժարականից հետո է՞լ չի լսել, որ այդ պաշտոնը նպատակադրվել են լուծարել, կրկնել է նույնը. ,Ես տեղյակ չեմ, թե ինչի մասին է խոսքը, ես դիմում գրել` արձակուրդ եմ գնացել ու չեմ եկելե: Նա հրաժարվել է որևէ բան ասել իր պաշտոնանկության շուրջ ծավալված տարբեր վարկածների մասին. ,Ես մեկ ա` չեմ խոսում, ասում եմ` տեղյակ չեմ ոչ մի բանիցե: Թերթն ընդգծում է, որ քննարկվելիք նոր մոդելով հնարավոր է լուծարվի զինկոմի պաշտոնը, և ոլորտի կուրացիան իրականացվի ԶՈւ գլխավոր շտաբում: Այս քննարկումների վերաբերյալ թերթին որևէ կոնկրետ բան չի ասել նաև պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: ,Մենք հարցը լրջորեն քննարկում ենք, չի բացառվում խոշոր հիմնարար փոփոխություններե,- այսքանով սահմանափակվել է խոսնակը:
Հրապարակ. Հանրապետության զինկոմի պաշտոնը կլուծարե՞ն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ