Վարդենիսի ոստիկանապետը «չղջիկներ որսալիս» ոտքը 3 տեղից կոտրել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` այսօր Ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Համլետ Ղամբարյանի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` ոստիկանապետը «չղջիկներին» (Վարդենիսում այդպես են ասում ոսկու հանքաքար գողացողներին) վնասազերծելիս վազել է նրանց հետևից, անզգուշաբար վայր ընկել, ինչի հետևանքով նրա ոտքը երեք տարբեր տեղերից կոտրվել է:

Ոստիկանության լրատվական բաժնից հերքեցին մեր ունեցած տեղեկությունը` ասելով, թե իրականում Համլետ Ղամբարյանի ոտքը ոլորվել է, որևէ լուրջ բան չի եղել:

Այդուհանդերձ, նշենք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները հանքախորշերի մոտ խոտ են այրել, որպեսզի ծուխը լցվի ներս և հանքաքար գողացողները շուտ դուրս գան: Իրավապահներն, իհարկե, կարծել են, թե նրանց բռնելն այդկերպ ավելի հեշտ կլիներ, սակայն դուրս գալուն պես, նրանք սկսել են գոռգոռալ, անգամ հայհոյանքներ հնչեցնել, և իսկույն փախել են: «Հատուկ օպերացիան» իրականացնող մարմինները վազել են նրանց հետևից, ինչի արդյունքում էլ ոստիկանապետը նման ծանր վիճակի մեջ է հայտնվել: Ավելին, հանքագողերին բռնել չի հաջողվել:

Հիշեցնենք, որ Համլետ Ղամբարյանը Վարդենիսի ոստիկանապետ է նշանակվել փետրվարի 23-ին:




Լրահոս