ԴԵՂԵՐ ՉԽՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նար-Դոսի 2-րդ նրբանցքի բնակիչներից մեկը սեպտեմբերի 3-ին ոստիկանությունում հաղորդում էր տվել այն մասին, որ իր որդին` Գեւորգ Հարությունյանը, տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Հաջորդ օրը` սեպտեմբերի 4-ին, Էրեբունի վարչական շրջանի Քրիստափորի փողոցում գտնվող «Ջրմուղ»-ի հարեւանությամբ ոստիկանները հայտնաբերել էին 33-ամյա Գեւորգ Հարությունյանի դին՝ ծառից կախված:
Ի՞նչն է դրդել երիտասարդին կախվել ծառից: Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով գնացինք Գեւորգի բնակավայր: Հասանք այն պահին, երբ Գեւորգի դին բերեցին տուն: Սահմռկեցուցիչ տեսարան էր՝ լաց, գոռոց, աղեկտուր ձայներ…
Նշենք, որ երեկ՝ օրվա ընթացքում, լուրեր տարածվեցին, թե իբր Գեւորգը հոգեկան շեղումներ ունի եւ նույնիսկ նախկինում մեկ անգամ ինքնասպանության փորձ է արել: Սակայն Գեւորգի հարեւանները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակառակը պնդեցին. «Նա հոգեկան հիվանդ չի եղել: Անշառ տղա էր, ուղղակի խմիչքի հետ սեր ուներ»:
Ըստ հարեւանների՝ ինքնասպանության պատճառ կարող էր լինել ալկոհոլիզմը. «Մի քանի անգամ նրան տարել են բուժման, որովհետեւ կախված էր խմիչքից: Ծնողները չէին ուզում որդուն անտերության մատնել: Մտածում էին, որ բուժումներով կարող են օգնել: Բայց ինչքան գնացել է բուժվելու, կիսատ է թողել ու վերադարձել տուն` պատճառաբանելով, որ չի կարողանում եւ չի ցանկանում դեղեր ընդունել: Ասում էր՝ չեմ ուզում գնալ այնտեղ: Գեւորգի եղբայրն ու քույրը չափից շատ ուշադիր էին նրա նկատմամբ: Մշտապես հետեւից պտտվում էին, որ հանկարծ իրեն վնաս չտար: Ու Գեւորգին էլ միշտ թվում էր, թե իրեն տանելու են հիվանդանոց՝ բուժման»:
Թե որ հիվանդանոցում է նա բուժվել եւ իրականում ինչ հիվանդության դեմ, բնակիչները ոչինչ չասացին: Միայն կրկնում էին, որ «խմիչքը քանդեց Գեւորգի տունը»: Նրանց խոսքերով՝ ինքը` Գեւորգը, նույնպես չի ցանկացել ալկոհոլ օգտագործել, բայց երբ օրգանիզմը պահանջել է, ընկել է դողէրոցքի մեջ: «Ձեռքերը դողում էին: Պետք է անպայման խմեր, որ հանգստանար: Բայց խմած ժամանակ նրա ձայնը լսած չկանք, եւ, ընդհանրապես, իրենց ընտանիքում ոչ մի անգամ վեճ, կռիվ չի եղել»,-պատմեցին բնակիչները:
Մի քանի հարեւանուհիներով, բակում կանգնած, հիշում ու ափսոսում էին Գեւորգին: Նրանցից մեկը մեծ ցավով նկատեց. «Մեր աչքի առաջ էր մեծացել: Գյոզալ, համեստ տղա էր, թե ինչու նման քայլի դիմեց, մենք էլ չենք հասկանում: Բոլորս զարմացած ենք, շոկի մեջ: էդ անտեր խմիչքն էր երեւի պատճառը: Խեղճ ծնողները մնացին շվարած»:
Հարեւաններից տեղեկացանք, որ դեպքի օրը՝ երեկոյան, Գեւորգը հոր հետ տուն է եկել: Միասին նստել են իրենց սեփական տան բակում եւ սուրճ խմել: Այնուհետեւ տղան վազելով դուրս է թռել տնից: Դրանից հետո սկսել են նրան փնտրել եւ հաջորդ օրը գտել են կախված վիճակում: Ոչինչ չի ասել ո՛չ հորը, ո՛չ ընտանիքի մյուս անդամներին: Երկտող եւս չի թողել:
Նշենք, որ Գեւորգի մայրը բուժքույր է աշխատում: Իսկ մահացածը «Ռոսիա» տոնավաճառում առեւտրի կետ ուներ: Նրա ընտանիքը երկար տարիներ է, ինչ ապրում է այդ թաղամասում: Նույն բակում Գեւորգի հետ մեծացած աղջիկներից մեկը, որը չցանկացավ՝ հրապարակենք իր անունը, մեզ պատմեց, որ ինքը Գեւորգի հետ մշտապես նարդի է խաղացել. ««Սնիկերս»-ով նարդի էինք խաղում: Նարդուս ընկերն էր: Հիմա ո՞ւմ հետ պետք է խաղամ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս