1685 թվականին այս օրն է ծնվել բարոկկո դարաշրջանի գերմանացի կոմպոզիտոր, երգեհոնահար և ջութակահար Յոհան Սեբաստիան Բախը:
Բախը երաժշտության պատմության մեջ մեծագույն երգահաններից է, պոլիֆոնիայի վարպետ, կյանքի ընթացքում գրել է 1000-ից ավել ստեղծագործություններ։
Բախի մահից հետո նրա երաժշտությունը գրեթե մոռացվել էր, նորից բացահայտվել է XIX դարում ռոմանտիկ երգահանների, մասնավորապես՝ Ֆելիքս Մենդելսոնի կողմից։
Բախի կենսագրությունը պայմանականորեն բաժանում են երեք շրջանի, առաջին՝ ուսման տարիներ (1695 – 1700-ին՝ Օրդրուֆում, 1700 – 1703-ին՝ Լյունեբուրգում)։
Բախը Թյուրինգիայի Բախերի տոհմից է, որը XVII – XVIII դդ․ ընթաց քում տվել է երաժիշտների մի քանի սերունդ։ Ծնվել է երաժշտի ընտանիքում (հայրը՝ Ամբրոզիոս Բախ)։ Երբ Յոհան Սեբաստիան Բախը 9 տարեկան էր, մահացավ մայրը, իսկ մեկ տարի անց մահացավ հայրը։ Տղային իր մոտ վերցրեց ավագ եղբայրը՝ Իոգանն Կրիստոֆը։ 15 տարեկանում Բախը տեղափոխվում է Լյունեբուրգ, որտեղ 1700-1703 թթ. սովորել է Սուրբ Միքայել վոկալ դպրոցում։ Ուսման ընթացքում այցելել է այն ժամանակվա Գերմանիայի ամենամեծ քաղաքը՝ Համբուրգ, որտեղ նա հնարավորություն է ունեցել ծանոթանալու իր ժամանակի երաժիշտների աշխատանքի հետ։
Բացառիկ օժտվածության և աշխատասիրության շնորհիվ արդեն վաղ հասակում վարժ նվագել է երգեհոն, ջութակ և կլավիր, ուսումնասիրել և յուրացրել եվրոպական երաժշտական արվեստի տարբեր ոճեր։ Երկրորդ շրջանը (1703 – 23) ստեղծագործական հասուն տարիներն են։ 1703-ին որպես պալատական ջութակահար աշխատել է Վայմարում, 1703 – 07-ին՝ երգեհոնահար Առնշտադում։ Մյուլհաուզենի եկեղեցում աշխատելուց հետո (1707) 15 տարի՝ Վայմարում (1708 – 17) և Կյոտենում (1717 – 23) եղել է պալատական երաժիշտ, ստեղծել երգեհոնի, կլավիրի և վոկալ բազմաթիվ երկեր։
Երրորդ շրջանը (1723 – 50) կոմպոզիտորի ստեղծագործա կան ամենաբեղուն տարիներն են․ որպես խմբավար և ուսուցիչ աշխատել է Լայպցիգի Ս․ Թովմաս եկեղեցում և նրան կից դպրոցում, միևնույն ժամանակ ղեկավարել ուսանողական «Երաժշտական կոլեգիան»։ Մեծ մասամբ այդ շրջանում են ստեղծվել Բախի մոնումենտալ երկերը (կանտատներ, մեսսաներ, պասսիոններ են)։
Բախի արվեստը մարդկային մշակույթի գագաթներից է։ Հիմքում հումանիստական ու ժողովրդային, ակունքներով ու բնույթով ազգային նրա ստեղծագործությունները ժամանակի եվրոպական երաժշտական մշակույթի հանճարեղ ընդհանրացումն են և նոր շրջան են բացել երաժշտության պատմության մեջ։ Այդ արվեստում լիակատար ծաղկել և կատարելապես միավորվել են երկու տարբեր՝ պոլիֆոնիայի տիրապետության և հարմոնիայի զարգացման դարաշրջանների երաժշտական ոճերը։ Իր ստեղծագործություններում բարձրագույն զարգացման հասցնելով պոլիֆոնիայի արվեստը՝ Բախը միևնույն ժամանակ հարմոնիայի մեծագույն նորարար էր (Բեթհովենի բնորոշմամբ՝ «Բախը հար մոնիայի նախահայրն է»)։
Կյանքի երևույթների լայն ընդգրկումը, կերպարների ու տրամադրությունների կենսունակությունը, գաղափարների համամարդկայնությունը, էթիկական վեհությունն ու ազնվությունը բնորոշ են Բախի ստեղծագործություններին։ Նրանցում մտքի խորությանը զուգակցվում է զգացմունքի արտահայտման ուժը, բարձրագույն վարպետությանը՝ հանրամատչելիությունը, երևակայության համարձակ թռիչքն ու ռացիոնալիստական խստությունը, պաթետիկան ու հայեցողականությունը։ Բախի երկերում վիպական, դրամատիկական ու քնարական կերպարները միավորված են բացառիկ տրամաբանված ու գեղեցիկ երաժշտական ձևերում, որոնցում իշխում է բարոյական մաքրությունն ու վեհ բանաստեղծականությունը։
Բախի ստեղծագործական ժառանգությունը չափազանց մեծ է։ Նա գրել է տարբեր ժանրերի հազարից ավելի երկեր (բացառությամբ օպերաների)։
Բախի բազմազան ու խոր ժառանգության վեհությունը գնահատելով՝ Բեթհովենը գրել է՝ «Nicht Bach! — Meer solte er heiften» – «Ոչ թե առվակ, այլ Ծո՜վ պետք է լիներ նրա անունը»։