ՈՒԹ ԴՈԼԱՐԻՑ` ՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայից Հայաստան ներկրված ապրանքների 1 կիլոգրամի մաքսազերծման համար հայտարարված 8 ԱՄՆ դոլարը կրկին վերափոխվել է: Ճիշտ է, այն չի հասել նախկին սակագնին` 4 ԱՄն դոլար, բայց այսուհետ Թուրքիայից Հայաստան մտնող հագուստեղենի 1 կիլոգրամը կմաքսազերծվի 6 ԱՄՆ դոլարով: Ապրանքների մաքսազերծմամբ զբաղվող ՍՈՈ կազմակեպության փոխտնօրեն Գրիգոր Բալյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նույնիսկ արդեն հրաժարվեց նախկին իրենց հայտարարություններից: «Ութը կոնկրետ չէր ասվել, ասվել էր, որ թանկանալու է, հասնելով մինչեւ ութի սահմանները, դա կապված էր Թուրքական կողմի հետ, որը բավականին բարձր լրացուցիչ ծախսեր է դրել մեր վրա: Կոնկրետ ես էնտեղ մարդ եմ ուղարկել, որոշ փոխհամաձայնության են եկել, որի արդյունքում ծախսը որոշակի իջավ, եւ մենք կարողացանք 6 դոլարի մեջ տեղավորվել: Մենք կարողացանք թուրքական կողմին համոզել, որ ծախսերի համար նախատեսված գումարները շատ բարձր  են: Սա հագուստի մասով, իսկ մյուս ապրանքատեսակները համարյա  փոփոխություն չեն կրել, հիմա ամեն ինչ նորմալ ա, կուտակումներն էլ արդեն վերացվել են, հիմա ապրանքներն էլ ուշ չեն ստանում»: Իհարկե, սա չի նշանակում, որ այս սակագները անփոփոխ կմնան, քանի որ այս անգամ ՀՀ կառավարությունը` ի դեմս Պետեկամուտների կոմիտեի, պարզապես նահանջեց` վախենալով առեւտրականների բողոքներից: Տեսնենք, թե հաջորդ փորձը երբ կլինի:




Լրահոս