ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյուղացիներն այս տարի եւս բերքի իրացման հարցում կանգնել են լուրջ խնդրի առջեւ, թեեւ, ինչպես վստահեցնում է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, բերքի մթերումը սահուն է ընթանում: Ի հակադրություն գյուղացիների բողոքների՝ գյուղնախարարը պնդում է. “Շատ դեպքերում գյուղացիներն են իրավիճակը ծայրահեղացնում, իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար սպառնում են, թե կտանենք, կթափենք, բայց նման բան չի լինում, ես էսքան ժամանակ չեմ տեսել, որ մարդն իր բերքը տանի, թափի”: Ավելին, Ս. Կարապետյանը hetq.am-ի հետ զրույցում անդրադարձել է նախորդ տարի կառավարության կողմից գյուղացիներին տրամադրված էլիտար ցորենի սերմացուի  վերաբերյալ դժգոհություններին ու  ասել.”Գյուղացիները հիմա ամեն ինչից են դժգոհում”:
ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ գյուղացինե՞րն են իրավիճակը ծայրահեղացնում, թե՞ նախարարը չի կարողանում հարմարվել նրանց հետ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ պետք է արտահայտեմ հարգանքս գյուղացու եւ գյուղատնտեսության նկատմամբ եւ պետք է ասեմ, որ բոլոր դեպքերում գյուղացիները ճիշտ են: Հիմա անցնենք նախարարին: Նա բազմիցս հայտարարել է, որ բերքի իրացման խնդիր չի լինի, այդ թվում՝ դեղձի, խաղողի, երեւի թեթեւ չափազանցության հարց կա այստեղ, բայց, այնուհանդերձ,  այս հարցը հետազոտման, պարզաբանման ենթակա է: Այս տարի, բարեբախտաբար, բերքառատ տարի էր, սակայն իմ եւ իմ ընկերների մտահոգությունն այն էր, որ գյուղացին կարողանա իր բերքը իրացնել: Ճիշտ է, շրջաններ եղան՝ երաշտ եղավ, բայց ընդհանուր տարին բերքառատ եմ գնահատում:
ՏԱՃԱՏ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆ
ԱԺ գյուղատնտեսական եւ 
բնապահպանական հարցերի 
մշտական հանձնաժողովի անդամ  
ՊԱՏԱՍԽԱՆ. Գյուղատնտեսության նախարարի անունի հետ կապված՝ չեմ կարող մեկնաբանություններ տալ, պարզապես Արթիկի մեր տարածքների հետ կապված՝ կարող եմ ասել, որ մեր տարածքները բերքի մթերման ոչ մի խնդիր չունեին: Բայց, օրինակ, երբ անցած տարի ցորենի սերմացու բաժանեցին, եւ գյուղացին պետք է կրկնապատիկ հետ վերադարձներ, արդյունքում լուրջ խնդիրներ առաջացան, եւ գյուղացիները ցորենից բերք չստացան, քանի որ այդ սերմացուն անհաջող էր: Գյուղացիների դժգոհություններն արդարացված եմ համարում: Պետք է ասեմ, որ սերմացուի հետ կապված՝ մեր տարածքում միշտ դժգոհություն կա, եւ գյուղացիների դժգոհությունները միշտ տեսնում եւ լսում եմ: Փորձել եմ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովին ասել, որ խնդիրը կա, հանձնաժողովներ կազմենք, հանդիպումներ անցկացնենք, օգնենք գյուղացիներին, զեղչեր կիրառվեն, բայց դեռեւս որոշակի արձագանք չունենք՝ այս հարցի հետ կապված: Տասն օր առաջ ենք նախարարությանը ներկայացրել, սպասում ենք, տեսնենք՝ ժողովրդին ինչով կաջակցեն:
ՄՈՒՇԵՂ ՊԵՏՈՅԱՆ
ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի 
մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Պատրաստեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս