Հայաստանում ԱՄՆ-ը նոր մարտավարություն կիրականացնի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը երեկ պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ իրենց երկիրը մտադիր է ընդլայնել Հայաստանի տնտեսությունում իրենց երկրի ներգրավվածության չափը: «ԱՄՆ-ն Հայաստանի առեւտրային գործընկերների ցանկում 5-րդն է, ինչը լավ է, բայց մենք սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, եթե կարող ենք դա անել, ես ցանկանում եմ, որ մենք դա անենք»,- ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը «HSBC Բանկ Հայաստան»-ի կազմակերպած գործարար համաժողովի ժամանակ: «ժողովուրդ»-ը մի քանի անգամ արդեն անդրադարձել է այն խնդրին, որ ԱՄՆ-ն որոշել է փոխել Հայաստանում իր մարտավարությունը: Նախկինում այդ երկիրը Հայաստանի գումարները տալիս էր որպես օգնություն կամ դրամաշնորհ եւ այդ կերպ էր փորձում իր ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդել:

Իսկ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու որոշումից հետո պարզ դարձավ, որ հարյուրավոր միլիոններ ծախսելու արդյունքում ԱՄՆ ոչ մի գործնական լծակ ձեռք չի բերել: Իսկ Ռուսաստանը Հայաստանից հարյուրավոր միլիոն դոլարներ տանելու հետ մեկտեղ տիրապետում է ՀՀ տնտեսության մի պատկառելի մասին: Արդյունքում, ԱՄՆ-ում որոշել են, որ այսուհետ ՀՀ Կառավարությանը ոչ թե հենց այնպես գումարներ են տալու այս կամ այն գեղեցիկ վերնագրով անարդյունավետ ծրագիրն իրագործելու համար, այլ իրենք ուղղակի ներդրումներ են կատարելու: Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերը բերված հայտարարությունը, կարելի է ասել, որ այդ նոր մարտավարության պաշտոնական ազդարարումն է: Ի դեպ, ԱՄՆ-ի նոր մոտեցման առաջին ծիծեռնակը «Որոտանի ՀԷԿ»-ը ամերիկյան ընկերության կողմից ձեռք բերելու հայտնի գործարքն էր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս