Լավ եմ արել, կարող եք դատի տալ. Զարուհի Փոստանջյանը` Էդմոն Մարուքյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ներկայացրած` «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին» հայտարարության քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք, բնականաբար, հռչակագրին դեմ չեն, բայց դեմ են «xerox»-ին.

«Եթե փոխում ենք, նշանակում է նսեմացնում ենք հռչակագիրը, իսկ եթե ինչպես կա, այնպես ընդունում ենք, ԱԺ-ին դարձնում ենք դակիչ, որը չեմ կարծում` ճիշտ է ԱԺ հեղինակության համար: Ըստ էության, սա հայտարարություն է՝ հռչակագրին միանալու մասին: Այդ դեպքում էլ մարդիկ կարող են վեր կենալ ասել՝ միանում ենք վերապահումներով»:

Էդմոն Մարուքյանն էլ դժգոհեց, որ Զարուհի Փոստանջյանն օգտագործել է ՀՀ զինանշանը. «ՀՀ գերբն է օգտագործված, որի իրավունքը չունեք: Մարդիկ էլ դրսում կնայեն գերբը ու կկարդան, որ ըհը, հայերը հողերը պլանավորել են միացնել իրենց»:

Զարուհի Փոստանջյանը միջամտեց. «Այո, դրանք մեր հողերն են, ուզում ենք»: Էդմոն Մարուքյանն էլ նշեց.  «Ես էլ եմ ուզում Բաքվում չհանգստանամ: Բայց գերբն օգտագործելու իրավունք չունի պատգամավորը»: Զարուհի Փոստանջյանը հակադարձեց. «Լավ եմ արել՝ օգտագործել եմ: Կարող եք դատի տալ ինձ, դա իմ իրավունքն է, ես օգտագործել եմ»:




Լրահոս