«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել է, որ ՀՀ իշխանությունները դեռեւս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը: Այս պահի դրությամբ միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊԸ սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն մեզ տեղեկություններ են հասել, որ Գագիկ Ծառուկյանը եւս իր թեկնածուն է ունենալու:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գ. Ծառուկյանի համար ընդունելի թեկնածուն Կոտայքի նորանշանակ մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի մտերիմներից մեկն է` նրա նախկին տեղակալ Անդրանիկ Պետրոսյանը: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է եւ նախկին քաղաքապետ-նորանշանակ մարզպետի համար ցանկալի թեկնածու է: Երեկ տեղեկություններ էին շրջանառվում, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մտադրություն ունի իր «հսկողության» տակ վերցնել Աբովյանի քաղաքապետի ընտրությունները: Նշվում է, որ Գ. Ծառուկյանը որոշել է ամեն կերպ առաջ տանել իր փեսայի մտերիմ Անդրանիկ Պետրոսյանի թեկնածությունը:
Աբովյանցիները կարծում են, որ Գ. Ծառուկյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Արթուր Հարությունյանը խայտառակ պարտություն կրի ընտրություններում: Իսկ Ա. Հարությունյանն էլ այս ընթացքում ամեն ինչ անելու է, որպեսզի իշխանությունների «դաբրոն» ստանա՝ ընտրություններում հաղթանակ տանելու համար: Ըստ մեր տեղեկությունների՝ Արթուր Հարությունյանն արդեն սկսել է լուրջ աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ:
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է զրուցել Աբովյանի քաղաքապետի պաշտոնակատար Անդրանիկ Պետրոսյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել քաղաքապետի ընտրություններում եւ արդյոք արդեն ունի ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությունը:
Սակայն թե՛ քաղաքապետարան, թե՛ Անդրանիկ Պետրոսյանի աշխատասենյակ կատարած մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց: «Ժողովուրդ»-ը կարողացավ զրուցել միայն Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի օգնական Մանուկ Հակոբյանի հետ, ով վստահեցրեց, թե ինքը կարող է մեզ հուզող բոլոր հարցերին պատասխանել:
Մ. Հակոբյանը նշեց, որ դեռեւս հստակեցված չէ՝ արդյո՞ք Անդրանիկ Պետրոսյանն իր թեկնածությունն առաջադրելու է Աբովյանի քաղաքապետի պաշտոնում. «Առաջադրումը դեռեւս պետք է լինի, կարծում եմ՝ շատերն են ուզում առաջադրվել, բայց առայժմ ընտրությունների օրը հայտարարված չէ»: Իսկ ինչ վերաբերում է այն տեղեկություններին, թե Գ. Ծառուկյանը պաշտպանելու է Ա. Պետրոսյանի թեկնածությունը, մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ նման բան չկա` ամեն դեպքում շեշտելով. «Անդրանիկ Պետրոսյանը շատ երկար այս քաղաքում աշխատած պաշտոնյա է, եւ բոլորը նրան գիտեն»:
Սոնա Գրիգորյան