ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել են նյութեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի հատուկ ծառայություն իրականացնող անձը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2015 թվականի մարտի 31-ին իր ծանոթից ստացել և դատապարտյալին փոխանցելու նպատակով քրեակատարողական հիմնարկ է փոխադրել փաթեթավորված 3 բջջային հեռախոս՝ լիցքավորիչներով, որոնք թաքցրել է հիշյալ հիմնարկի տարածքում:
Նույն օրը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է հեռախոսներով և լիցքավորիչներով փաթեթը, որոնցից երկուսում թաքցված է եղել խոշոր չափերի հասնող «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց:
Հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և իրացնելու նպատակով ազատազրկման վայր թմրամիջոց փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: