ՀԱՅԿՈՈՊԻ ԱԲՈՆ ՀԱՐԹԵԼ Է ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքը ԱԺ ԲՀԿ խմբակցությունում որեւէ խնդիր չունի, իսկ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանն իր աշխատանքային ընկերն է, կոլեգան ու ղեկավարը: Երեկ Աբրահամ Մանուկյանն արդեն խորհրդարան էր եկել եւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամների հետ շրջում էր ԱԺ միջանցքում: Նշենք, որ Ա. Մանուկյանը դեմ էր, որ կուսակցությունը ղեկավարի Նաիրա Զոհրաբյանը, ու վերջինիս` ԲՀԿ նախագահ ընտրվելուց հետո խորհրդարան չէր եկել: Երեկ «Ժողովուրդ»-ը մի քանի հարցեր է ուղղել պատգամավորին:

-Պարո՛ն Մանուկյան, ի՞նչ խնդիրներ ունեք «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամների ու հատկապես Նաիրա Զոհրաբյանի հետ: Նշվում է, որ վերջին ժամանակահատվածում լուրջ տարաձայնություններ ունեք խմբակցության ներկայացուցիչների հետ, ինչը չեք էլ ձգտում թաքցնել: Ի՞նչ խնդրի մասին է խոսքը:
-Ես որեւէ մեկի հետ խնդիր չունեմ, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ մեր աշխատանքային ընկերն է, մեր կոլեգան է, մեր կուսակցության ղեկավարն է, այնպես որ որեւէ խնդիր չի կարող լինել մեր միջեւ: Դրանք ուղղակի տեղեկություններ են, որոնք չեմ հասկանում, թե ինչի համար են տարածում, ինձ համար իսկապես անհասկանալի է: Ես երբեւէ տիկին Զոհրաբյանի հետ որեւիցե խնդիր չեմ ունեցել: Ես աշխատելու եմ, ու կուսակցության կողմից ինչ հանձնարարություն էլ լինի, կատարելու եմ: Պարոն Ծառուկյանն առաջադրել է տիկին Զոհրաբյանի թեկնածությունը, իսկ համագումարի ժամանակ էլ նա ընտրվել է կուսակցության ղեկավար:
-Իսկ Դուք շարունակելո՞ւ եք Ձեր աշխատանքը ԲՀԿ-ում, թե՞ Դուք եւս պատրաստվում եք լքել կուսակցության շարքերը:
-Ո՛չ, ես իմ աշխատանքները շարունակելու եմ կուսակցության հետ, ինձանից նման հայտարարություն լսե՞լ եք, որ ես հրաժարվում եմ կուսակցությունից ու պատրաստվում եմ առանձին աշխատել:
-Բայց հարթե՞լ եք կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հետ Ձեր փոխհարաբերությունները, արդյո՞ք նա ցանկանում է Ձեզ հետ աշխատել:
-Ես արդեն Ձեզ ասացի այն, ինչ կա, ընդհանուր որոշում կա կայացրած, իսկ մենք բոլորս հարգում ենք այդ որոշումը, ու տիկին Զոհրաբյանը մեր աշխատանքային ընկերն է, մեր կուսակցության ղեկավարն է, եթե ինքը չուզենար մեխանիկորեն չէինք աշխատի:
-ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ այսուհետ ԲՀԿ-ն ընդդիմություն է: Դուք ե՞ւս ընդդիմադիր եք:
-Խմբակցությունը մեկ անձով չի, խմբակցությունն իր մեջ ներառում է բազմանդամություն, բազմակարծություն, ու ոնց կորոշվի, ես կողմնակից եմ այդ որոշմանը: Ես արդեն նշեցի, որ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ ու չեմ կարծում, որ հասկանալի չէ, թե ես ինչ եմ ասելու, ինչ եմ անելու:
-Տեսակետ կա, որ Դուք նպատակ ունեք «քանդելու» ԲՀԿ-ն, ինչի համար էլ շարունակելու եք մնալ կուսակցությունում եւ խմբակցությունում: Իսկապես, Դուք նպատակ ունե՞ք Ձեր շուրջը հավաքել ԲՀԿ-ականների մի հատվածին ու առանձին «թիմ» կազմել կուսակցության ներսում:
-Դե լավ էլի, էդ հերյուրանքները վերջացրեք, ես թիմային աշխատանք սիրող անձնավորություն եմ ու չեմ հասկանում, թե ինչու եք նման բան ասում: Քանդելը ո՞րն է, ինչը քանդեմ կամ ինչի համար, ախր, դրանք հերյուրանքներ են, որոնք լրատվամիջոցներն են տարածում իմ անձի հետ կապված: Դուք կուսակցությունից հարցրեք, տեսեք՝ իրենք ինչ են ասում, ինչ խնդիր կա իմ հետ, առանց որեւէ բան պարզելու՝ անիմաստ հայտարարություններ են անում: Ինձ առանց ճանաչելու իմ մասին տեղեկություն են ասում, խոսում են մի բանի մասին, որից երեւի իրենք էլ տեղյակ չեն: Չկա նման բան:
-Ըստ որոշ տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ի ֆինանսական հարցերով զբաղվելու եք Դուք, ինչին կարծես թե դեմ է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Ի վերջո, ո՞վ է լինելու ԲՀԿ-ի ֆինանսական հարցերով պատասխանատուն:
-Նման բան չկա, մեր ֆրակցիայում բոլորն էլ ֆինանսական խնդիրներ չունեցող մարդիկ են, իրենք էլ ներդրումներ կանեն, ու մեր աշխատանքները նորմալ կշարունակվեն, ինչպես նաեւ անդամավճարների հետ կապված հարցերը կլուծվեն, էդ հստակեցումները կկազմակերպվեն: Հովիկ Աբրահամյանի հետ կապված էլ որեւէ բան չի եղել ընդհանրապես, թե որտեղից են հորինում, զարմանում եմ: Եթե նման բան լիներ, առաջինը ես կիմանայի:

 

 

 
ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԼԵԳԻՏԻՄ ՉԷ՞

Երեկ խորհրդարանում շարունակվեց անցած քառօրյայից կիսատ մնացած գազի հանձնաժողովի զեկույցի քննարկումը: Պատգամավորների հարցերին պատասխանում էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության անդամ Վարդան Այվազյանը, որը, կարելի է ասել, ԱԺ ամբիոնից մի քանի ժամ կռվեց բոլոր պատգամավորների հետ, քանի որ պատգամավորները հիմնականում քննադատում էին հանձնաժողովի կատարած աշխատանքը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Վ. Այվազյանին` հիշեցնելով. «Դուք 2014-ի միջանկյալ զեկույցում նշել էիք, որ դեռ պետք է հիմնավորվի «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատողների 1000 հոգով ավելացումը եւ 109 հազարով միջին աշխատավարձի բարձրացումը: Հիմա Դուք ասում եք՝ ի՞նչ է, իրենց աշխատավարձն է, ինչքան ուզեն՝ կտան: Բա եթե ինչքան ուզեն՝ կտան, այն ժամանակ ինչի՞ էիք գրել, որ դեռ պետք է հիմնավորեն, մի հատ էլ կասկած էիք արտահայտել: Որեւէ կերպ չեք հիմնավորել այս զեկույցում, մյուս կողմից էլ բանավոր հարցերին ասում եք՝ իրենց գործն է»:
Այվազյանը վրդովված հայտարարեց, թե. «Աշխատողների թվաքանակի բարձրացման հիմնական խնդիրը գազամատակարարման սպառողների ավելացմանը զուգընթաց է գնացել: Որովհետեւ նոր գազամատակարարման համակարգի հետ կապված նոր աշխատողներ են պետք եղել: Աշխատավարձի հետ կապված էլ որեւիցե լծակ մենք չունենք»: Ընդդիմադիր պատգամավորը փորձեց հասկանալ նաեւ, թե ինչու է ՀՀ-ն գազը ներմուծում ՌԴ-ից, երբ անգամ զեկույցում նշված է, որ իրանական գազի արդյունահանման ինքնարժեքն աշխարհում նվազագույններից է: Վարդան Այվազյանը պատասխանեց, թե Իրանը ՀՀ-ին որեւէ անգամ չի առաջարկել 189 դոլարից ցածր գին:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ անօրինական ձեւով են հանձնաժողովի զեկույցը ԱԺ նիստերի օրակարգ «բերել», քանի որ մինչեւ այդ հարցը քվեարկության չի դրվել հանձնաժողովի նիստի ժամանակ: «Պետք է հավաքվեր իրավազոր նիստ, եւ պետք է ձայների մեծամասնությամբ որոշում ընդունվեր, որով այդ եզրակացությունը հաստատվեր, բայց նման նիստ գոյություն չի ունեցել: Ես խմբակցությունների հետ խոսել եմ, ու ոչ ոք տեղյակ չի նման նիստի մասին, այսինքն՝ եզրակացությունը լեգիտիմ չի, ու պարզ չի, թե ինչ հիմքերով է Գալուստ Սահակյանն այս զեկույցը դրել ԱԺ լիագումար նիստի քննարկմանը»,- «Ժողովուրդ»-ին ասաց Լ. Զուրաբյանը: Պատգամավորը Վ. Այվազյանից պահանջել է ներկայացնել, թե ինչու այդ հարցը հանձնաժողովում քվեարկության չի դրվել, սակայն որեւէ պատասխան չի ստացել. «Մենք հիմա քննարկում ենք Վարդան Այվազյանի քննարկած ու հեղինակած փաստաթուղթը»,-ընդգծեց Զուրաբյանը:
Հարցի քննարկումը կշարունակվի այսօր:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

 

 

ԳՈՒՄԱՐ՝ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ
ՀՀ Կառավարությունը պատրաստվում է ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացնել 25 մլն 200 հազար դրամ, որով վերջինս պետք է լուծի հայկական 16 ֆիլմերի թվայնացման խնդիրը: Տեղեկացնենք, որ ընդհանուր հաշվով պետք է թվայնացվի 100 ֆիլմ, սակայն առաջնահերթ թվայնացման համար ընտրվել են 16-ը, որից 5-ը նվիրված են Հայոց ցեղասպանությանը: Ֆիլմերի թվայնացումը պետք է իրականացվի սեղմ ժամկետներում` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ցուցադրելու համար: Ի դեպ, պարզվում է՝ «Հայֆիլմի» ֆիլմերի ժապավենները գտնվում են «Մոսֆիլմ» կինոկոնցեռնում եւ Ռուսաստանի պետական ֆիլմաֆոնդում: Հենց այնտեղ էլ պետք է իրականացվի դրանց թվայնացումը:

 

ԽՆԱՄԻՆ ԿԼՈՒԾԻ
Երեկ՝ ԱԺ-ում նիստի մեկնարկից որոշ ժամանակ հետո, մի քանի ԲՀԿ-ականներ, նիստի դահլիճից դուրս գալով, միասին «ուղեւորվեցին» ԱԺ ԲՀԿ խմբակցության աշխատասենյակ: Նրանց թվում էին ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Մուրադ Գուլոյանը, Գուրգեն Արսենյանը, Աբրահամ Մանուկյանը, Մելիք Մանուկյանը՝ Շշի Մելոն, Արշակ Մխիթարյանը՝ Բռլիանտի Արշակ, Մերուժան Սիմոնյանը, Հրանտ Գրիգորյանը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ «ժողովը» հրավիրել է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը, քանի որ նշված անձինք ֆինանսական խնդիրներ ունեն միմյանց միջեւ, որը չեն կարողանում լուծել: Գործը հասել է Մ. Գուլոյանին, ով էլ իրար «գլխի» է հավաքել պատգամավորներին՝ հարցին լուծում տալու համար: Առայժմ մեզ չհաջողվեց պարզել՝ ստացվե՞լ է կարգավորել խնդիրը, թե՞ ոչ:

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԿԱՑՆՈՎ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ապրիլի 5-ին Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում երկու հարեւաններ՝ Արամ Բադալյանը եւ Հակոբը, վիճել են, ու բանն այնտեղ է հասել, որ Արամ Բադալյանը, կացինը ձեռքին, գնացել է Հակոբի տուն եւ սպառնացել, որ կսպանի նրան եւ որդիներին: Հակոբը, ինչպես պարզվեց, Սոթքի դպրոցի պահակն է: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Սոթքի գյուղապետ Կոլիկ Շահսուվարյանն ասաց, որ երկու բնակիչներին էլ լսել է եւ ոչինչ չի հասկանում նրանց վեճից: «Հակոբն ասում է, թե ես տանը նստած էի, Արամը կացնով եկավ, իսկ երբ հարցնում ես Արամից, նա հրաժարվում է եւ պատասխանում է, թե նման բան չկա: Բայց որ մի բան այս երկու բնակիչների հետ այն չէ, դա հաստատ է: Թող իրավապահները պարզեն, թե ինչ է եղել»,- ասաց Շահսուվարյանը:




Լրահոս