Վերջին տարիներին հաճախ կարելի է հանդիպել Հայաստանի ընդհանուր լրատվական դաշտի հասցեին հնչող մեղադրանքների, որ այն դարձել է անորակ, լուրջ խնդիրներն անտեսվում են, կայքերն ընդամենը էժանագին հնարքներով այցելություններ են հավաքում, և այսպես շարունակ: Բոլոր այդ գնահատականների և քննադատությունների հետ հնարավոր չէ չհամաձայնել, սակայն ողջ խնդիրն այն է, որ այդ երեւույթը հենց այնպես գոյություն չունի, կամ այլ կերպ ասած՝ ինքնուրույն չի ձեւավորվել: Արդեն մի քանի տարի է՝ Հայաստանի լրատվական դաշտը հետեւողականորեն անլրջացվում է:
Այսինքն՝ ջրիկությունը եւ ցինիզմը դարձել են Հայաստանի լրատվական դաշտի անքակտելի բաղկացուցիչ մասը: Նույնիսկ այն դեպքերում, երբ իշխանական քարոզչությունը ինչ-որ հարցում չի հասցնում իրավիճակը վերահսկել, ինչպես ասենք, դա տեղի ունեցավ կին ՀՀԿ-ականների՝ Ծիծեռնակաբերդում կազմակերպած խրախճանքի դեպքում, կրկին փրկության օղակը տեղի ունեցածը ջրիկացնելն էր՝ հույսով, որ դրանից հետո ամեն ինչ ինքըստինքյան կհարթվի:
Այս մոտեցումը շատ պարզ բացատրություն ունի` անլրջացնողները, այսինքն՝ իշխանական քարոզչության պատասխանատուները, միայն այդպես կարող են վերահսկել լրատվական դաշտը` ընդհանուր լրահոսում «կյանքի իրավունք» տալով միայն իրենց կողմից արտոնված «լուրջ» թեմաներին: Իհարկե, իշխանական քարոզչության վերահսկողության տակ չգտնվող մի քանի լրատվամիջոցներ` երկու-երեք թերթ եւ նույնքան կայքեր, փորձում են լրատվական դաշտում բազմազանություն ապահովել, բայց նրանց գործունեությունը դարձել է գետի մեջ մի բաժակ ջրի պես: Իսկ այն, ինչ լրատվական դաշտում վերջին երեք օրերին է կատարվում, կարելի է որակել որպես խրախճանք ժանտախտի ժամանակ:
Նշված երեք օրերին Հայաստանի կյանքում առնվազն երեք կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ` արցախյան պատերազմի հերոսը եւ նրա քաղաքական համախոհները հնարած մեղադրանքով ձերբակալվեցին, խորհրդարանի քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ էներգետիկ ոլորտում ինչ-որ մարդիկ տարիներ շարունակ թալանել են բնակչությանը եւ պարբերաբար սակագները չհիմնավորված բարձրացրել, ու վերջին կարեւոր իրադարձությունը` Հայաստան է ժամանում հայտնի, ծագումով հայ հեռուստաաստղ, որն իր գեղեցիկ կազմվածքի շնորհիվ տասնյակ միլիոնավոր տղամարդկանց համար դարձել է երազանք: Սակայն, եթե լրահոսով դատելու լինենք, վերջին երեք օրերին Հայաստանն ապրում է միմիայն հայտնի հայուհու այցելությամբ:
Իսկ, ասենք, Ժիրայր Սէֆիլանի եւ նրա ընկերների ձերբակալության փաստը անհետաքրքիր եւ արժեք չունեցող իրադարձություն է: Անհետաքրքիր է նաեւ այն փաստը, որ Հայաստանի բնակիչները կարող էին, ասենք, 50 դրամով էժան գազ ունենալ, եթե ՀՀ իշխանությունները` ռուսների հետ ձեռք ձեռքի բռնած, չթալանեին մեր բնակչությանը:
Ի դեպ, այս թոհուբոհի մեջ ուշագրավ է հետեւել նաեւ, թե ՄԻԱԿ-ի երիտհանրապետականները, որոնք անմիջական մասնակցություն ունեն լրատվական դաշտի ջրիկացման գործում, ինչպես են փորձում PR տրյուկներով Քիմ Քարդաշյանի հռչակի մեջ «փայ մտնել», մասնավորապես, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանը, որը Հայաստանի հանրությանը հայտնի է միայն նրանով, որ ռուսաստանաբնակ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կրտսեր եղբայրն է: Նա արդեն երեք տարի է, ինչ պատգամավոր է, բայց անունը, մինչ այս, մամուլում այդքան չէր հիշատակվել, որքան երեկ, երբ նա Քիմ Քարդաշյանի մասին ինչ-ինչ մտքեր էր արտահայտել, հպարտացել, թե Քիմը ցանկացել է իրեն վճարել, որ ճաշի իր հետ:
Իշխանական քարոզչության դիրիժորները մի պահ այնքան էին տարվել, որ քիչ էր մնում իրենց ընկերոջը մրցակցության մեջ մտցնեին Քարդաշյանի հետ, որին ի դեպ, նույն կենտրոնից ստացված հրահանգով՝ երբեմն պոռնոաստղ են որակում: Եւ այդքանից հետո առնվազն տարօրինակ էր, որ Քիմ Քարդաշյանը երեկ՝ երեկոյան, համացանցում գրառում արեց, թե ոգեւորությունից չի կարողանում քնել, սակայն «Քարդաշյանի մասնագետ» Լեւոն Մարտիրոսյանը համարձակություն չունեցավ այցելելու քունը կորցրած Քիմին:
Երեկ անմեղսունակ պահվածքով աչքի ընկավ նաեւ դերասան Սոս Ջանիբեկյանը՝ հրապարակավ ցանկություն հայտնելով Քիմին «Ծղոտներ»-ի տեղը ցույց տալ: Հոր քառասունքը չբոլորած դերասանի զեղումներն ու պատգամավոր Մարտիրոսյանի ջրիկությունը վկայում են մեկ իրողության մասին. մեզ կառավարող էլիտայում գավառամիտ անմեղսունակ ծաղրածուների պակաս չկա: Ու քանի որ Քարդաշյան քույրերը դեռ մեկ շաբաթ էլ մնալու են Հայաստանում, դեռ երեւակայել կարելի է, թե երիտհանրապետականներից էլ ով է փորձելու նրա հռչակից «մասնաբաժին պոկել»:
Ի դեպ, Քարդաշյանը բավականին օրինակելի պահվածք դրսեւորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ՝ նրանից ներողություն խնդրելով հայերեն չխոսելու համար: Միաժամանակ խոստացավ հայերեն սովորել: Մինչդեռ ՀՀ Կառավարությունում ու ԱԺ-ում գերակշիռ մեծամասնությունը ոչ միայն օտար լեզու, այլեւ նորմալ հայերեն չգիտի: Եւ այս ֆոնին Քիմը բարձրամակարդակ պահվածք դրսեւորեց՝ հագուկապից սկսած՝ ողջ աշխարհի ուշադրությունն իր այցով սեւեռելով մեր փոքր երկրի եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վրա:
ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ