Ավան վարչական շրջանը «Խութ» բարեգործական հիմնադրամի հետ կազմակերպել է արդեն ավանդական դարձած առողջապահական ակցիա, որի շրջանակում բնակչության սոցիալապես խոցելի խմբերին հնարավորություն է ընձեռվել անվճար օգտվել բժշկական մի շարք դժվարամատչելի ծառայություններից:
Ակցիայի աշխատանքներին տեղում ծանոթացել և բուժզննություն անցնող քաղաքացիների հետ զրուցել է վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:
«Անվճար բուժօգնության ծրագիրն իրականացվում է 2005 թվականից հիմնադրամի նախագահ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և տարվա ընթացքում կրում է պարբերական բնույթ: Մեկօրյա ակցիային այս անգամ նախապես հերթագրվել ու լաբորատոր և գործիքային հետազոտություններ է անցել ավելի քան 220 քաղաքացի: Ի դեպ, ակցիայի շրջանակում սպասարկվել են նաև մեր այն բնակիչները, որոնք նախապես չէին հերթագրվել»,-նշել է Մանվել Ջավադյանը:
Ակցիան ընդգրկել է սիրտ-անոթային, որովայնային և կրծքագեղձի հետազոտութուններ, շաքարային դիաբետի ախտորոշում:
Քաղաքացիները, որոնցից շատերն առաջին անգամ են մասնակցել ծրագրին, ընդգծել են ակցիայի սոցիալական կարևոր նշանակությունն ու շնորհակալություն հայտնել նման հնարավորության համար: