Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ երեկ երեկոյան Վրաստանի Հանրապետությունում՝ Բագրատաշեն-Սադախլո մաքսակետում, «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպությանը պատկանող ավտոբուսի 50 ուղևորներ մնացել էին սահմանային անցակետում և չէին կարողանում շարունակել ընթացքը:
Պարզվել էր, որ ավտոբուսի վարորդը, ով ՌԴ քաղաքացի է, վիճաբանության էր բռնվել Վրաստանի սահմանային կետի աշխատակիցների հետ: Վիճաբանությունն ավարտվել էր վարորդ Կ. Ա.-ի ձերբակալությամբ, ով տեղափոխվել է Մարնեուլիի ոստիկանական բաժանմունք:
Մոտ երեք ժամ անց, բարեբախտաբար, ուղևորներին հնարավոր է եղել ՌԴ տեղափոխել մեկ այլ ավտոբուսով: Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դեպքի մասին տեղեկացվել են Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը, «Ֆորսաժ-Տուր» տուրիստական կազմակերպության ղեկավար Կարեն Թադևոսյանը:
Վերջինս Armlur.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իրականում «Ֆորսաժ-Տուր»-ի աշխատակիցն է տուժողի կարգավիճակում եղել: Այսպես, մեր զրուցակիցը պատմեց, որ երեկ վրացիները նշել են Զատկի տոնը, ինչի հետևանքով սահմանն անցնելը սովորականից ավելի դժվար է դարձել: Ավելին, սրա պատճառով ծեծկռտուք է սկսվել: «Մեր վարորդը մոտեցել, ասել է` մարդիկ մեղկ են, թողեք անցնենք, նրանք էլ ասել են, թե մենք երբ ուզենք` կգնաք, 10 ժամ էլ պետք լինի, պիտի կանգնեք: Մեր վարորդն էլ ասել է` մենք անասուն չենք, մարդ ենք, շուտ թողեք, գնանք: Հետո վիճաբանություն է սկսվել, 6 հոգով վարորդին վիրավորել են, հրել ու ծեծել, հիմա էլ վարորդին վարչական տույժի են ցանկանում ենթարկել»,- պատմեց Կ. Թադևոսյանը` հավելելով, որ նման միջադեպեր միշտ են պատահում:
«Մի´ մտածեք` դա միայն երեկ է եղել, միշտ էլ լինում են նման դեպքեր: Եթե հիմա ուղղակի գնաք, այդ անցակետով փորձեք անցնել, կտեսնեք նրանց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ: Եթե ինչ-որ մեկը գնա տեսախցիկները պահանջի, նրանց աշխատակազմին կպատժեն, հերթապահ պատասխանատուն աշխատանքից կազատվի և պատասխանատվության կենթարկվի: Անգամ եթե բողոքարկենք, միևնույնն է` վրացին է հաղթելու: Նրանք շատ վատ են վերաբերվում մարդկանց: Վրացին միշտ ասում է` սա է մեր պահանջը: Քանի որ մենք տրանզիտներ ենք, չենք կարող նրանցից ինչ-որ բան պահանջել: Ես նրանց ասում եմ` ցույց տվեք փաստաթուղթ, ինչը կապացուցի, որ դուք իրավունք ունեք նման կերպ ձեզ պահելու, նրանք էլ վրացերենով գրված ինչ-որ թուղթ են տալիս, ասում եմ` ձեր լեզուն չեմ հասկանում, ասում է` դա իմ գործը չի, ինչպես կուզես կարդա: Հայերը խեղճ ու կրակ են, որովհետև այդ մի ճամփան է, սուսուփուս ստիպված անցնում են»:
Թե կատարվածին ինչպես է արձագանքել Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը և ինչպես է պատրաստվում կարգավորել ՀՀ քաղաքացիների առաջ ծառացած խնդիրը` դեռևս պարզել չհաջողվեց, բայց մի բան ակնհայտ է` եթե վարորդի ձերբակալությունը չլիներ, այդպես էլ անհայտ կմնար այն փաստը, որ Բագրատաշենի անցակետում մշտապես միջադեպեր են գրանցվում: Մնում է հուսալ, որ պատկան մարմինները հստակ չափորոշիչներ կսահմանեն և խնդրին լուծում կտան: