Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ այս պահին մոտ 300 երիտասարդ ակտիվիստ բողոքի է դուրս եկել ի պաշտպանություն ՀՀ նախկին արտգործնախարար, “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի և “Սիվիլիթաս” հիմնադրամի գործի։
Ցուցարարները ծափերով ճանապարհ են տալիս ԲՀԿ-ական պատգամավորներին:
Բողոքի ակցիայի վայրում են մեծ թվով ոստիկաններ: Բողոքի ակցիայի կազմակերպչն է “Սիվիլիթաս” հիմնադրամը, որ ստեղծման չորս ամյակը լրանում է այսօր: Ակտիվիստների ձեռքին կան պաստառներ,”Մի՛ թող որ ձայնդ կտրեն, ժողովո՛ւրդ”, “Իմ պատգամավորը չի ոտնահարի ազատ խոսքի իրավունքը”։ Ակտիվիստները վանկարկում են “Ար-դա-րու-թյուն”։
Այստեղ է նաև ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին`”Ամոթ հանցագործների գործընկերներին” գրությամբ պաստառով: Նրա ձեռքին կան նաև պաստառներ Ռուբեն Հայրապետյանի, Սամվել Ալեքսանյանի, Վարդան Այվազյանի նկարներով, որոնց վերևում գրառված է` “Կասկածվում է սպանության մեջ”, “Կասկածվում է խուլիգանության մեջ”, “Կասկածվում է կոռուպցիայի մեջ”։
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը քվեարկելու է Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդության հարցով, որպեսզի փողերի լվացման հատկանիշներով հարուցված քրեական գործով Օսկանյանը ներգրավվի որպես մեղադրյալ։