Եվրախորհրդարանը միաձայն ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական խորհրդարանը միաձայն ընդունեց «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին» նվիրված բանաձևը: Այս մասին տեղեկացրել է ԱԺ-ի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Բանաձևը դատապարտում է բոլոր տիպի ցեղասպանություններն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, կարևորում դրանց կանխարգելմանն ուղղված ջանքերը: Շեշտելով Օսմանյան Կայսրությունում 1.5 միլիոն անմեղ հայերի կոտորածները` իր եղբայրական աջակցությունն է հայտնում հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ և կոչ է անում Եվրոպական հանձնաժողովին ու Եվրոպայի խորհրդին միանալ հիշատակի արարողություններին:

Փաստաթուղթը, հղում անելով 1987թ. Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևին, վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության եղելության մասին, ընդգծելով, որ Ցեղասպանությունների ժամանակին կանխարգելումն ու արդյունավետ պատասխանատվությունը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից մեկը:

Բանաձևում կոչ է արվում Թուրքիային հաշտվել և առերեսվել սեփական պատմության հետ, առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ` սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու միջոցով:

«Հարկ եմ համարում նշել, որ այս բանաձևն արդյունք է Եվրոպական խորհրդարանի բոլոր քաղաքական խմբերի համատեղ նախաձեռնության ու միասնական աշխատանքի: Չնայած թուրքական լոբբիի ակտիվ ջանքերին, այս գործում իրենց ջանքերն են ներդրել նաև մեր դիվանագիտական առաքելությունը և Բրյուսելում աշխատող հայկական լոբբիստական կազմակերպությունները.,-ասել է Ա. Զաքարյանը:




Լրահոս