Գազի համակարգում լուրջ խնդիրներ կան. ԲՀԿ-ն նամակով դիմել է վարչապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող  ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը այսօր պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ուր մասնավորապես ասված է՝

«ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները, դրա հիման վրա մշակված եզրակացությունը մի շարք լրջագույն հարցադրումներ, խնդիրներ եւ մտահոգություններ են առաջացնում, որոնք, մեր կարծիքով, պահանջում են  համակողմանի եւ մանրակրկիտ  քննարկում եւ կոնկրետ քայլերի ձեռնարկում:

Մասնավորապես՝

1. Գազի սակագնի ձեւավորման գործող մեթոդաբանությունը կատարելագործման եւ ներկա իրավիճակին համապատասխանեցման անհրաժեշտություն ունի:

2. Բացահայտված լուրջ խնդիր է գազի մատակարարման եւ բաշխման համակարգում «այսպես կոչված» կորուստների նորմատիվային եւ գերնորմատիվային չափաքանակների հիմնավորումը եւ ճշգրտումը: Հայտնի է, որ սակագնային մեթոդաբանությամբ սահմանված է կորուստների 5.37% չափաքանակ, մինչդեռ՝ փաստացի ծավալները գերազանցում են այդ ցուցանիշը եւ կազմում մինչեւ 8.64 %:

Միայն գերնորմատիվային  3.3%-ը կազմում է տարեկան շուրջ 60 մլն մ3  գազ, որը միջին սակագնով  20 մլն ԱՄՆ դոլար է:

Լրացուցիչ պարզաբանման եւ հիմնավորման կարիք ունի կորուստների վերոնշյալ փաստացի  ծավալը:

3. Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազամատակարարման համակարգում կորուստների նվազեցման, այլ ծախսերի արդյունավետությունը եւ նպատակայնությունը, ինչպես նաեւ՝ ամորտիզացիայի հաշվարկի խնդիրները անհրաժեշտ է դարձնել լրջագույն քննարկման առարկա:

4. Անհրաժեշտ ենք համարում նաեւ քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշտադիտարկումների,  ներդրումային ծրագրերի       ուսումնասիրման եւ հաստատման,     լիցենզիաների     պայմանների  կատարման խնդիրները։

5.  Անհրաշետություն կա նաեւ քննարկել ՀՀ ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվողականության պարբերականության եւ արդյունավետության խնդիրը:

6. Կարեւորագույն խնդիր ենք համարում նաեւ անդրադառնալ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20% պետական բաժնեմասի վաճառքի եւ 300 մլն ԱՄՆ դոլար պարտքի ձեւավորման օրինականության հարցում հանրապետության գործադիր իշխանության նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների իրավական պատասխանատվության խնդրին:

Պարո՛ն վարչապետ,

Կարծում ենք, որ թե´ վերոնշյալ, թե´ գազամատակարարման  ոլորտին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ  անհրաժեշտ է հրատապ  քննարկել կառավարությունում  եւ տալ  ինչպես   օպերատիվ, այնպես էլ  ռազմավարական բնույթի լուծումներ»:




Լրահոս