Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը պաշտոնապես հրաժարական է տվել, իսկ երկրի նոր վարչապետ կդառնա Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էնդի Բերնհեմը։ Նա կլինի Միացյալ Թագավորության յոթերորդ վարչապետը 2016 թվականի Brexit-ի հանրաքվեից հետո։
Բուքինգհեմյան պալատի հաղորդմամբ՝ թագավոր Չարլզ III-ն ընդունել է Սթարմերի հրաժարականը։ Ակնկալվում է, որ թագավորը Բերնհեմին կհրավիրի ձևավորելու նոր կառավարություն, որից հետո վերջինս կվերադառնա Դաունինգ սթրիթ 10 և հանդես կգա վարչապետի պաշտոնում իր առաջին ելույթով։
Էնդի Բերնհեմը Լեյբորիստական կուսակցության առաջնորդ է ընտրվել ուրբաթ օրը՝ Սթարմերի հրաժարականից հետո։ Վերջինս կուսակցության ներսում աճող դժգոհության և վարկանիշի անկման պայմաններում լքել է պաշտոնը՝ դառնալով Մեծ Բրիտանիայի պատմության ամենակարճ պաշտոնավարած լեյբորիստ վարչապետը։
Հրաժեշտի խոսքում Սթարմերը հայտարարել է, որ հեռանում է «ժպիտով և հպարտությամբ»՝ նշելով, որ վարչապետ լինելը եղել է իր կյանքի ամենամեծ պատիվը։ Նա ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում երկրի տնտեսությունն ամրապնդվել է, կրճատվել են պետական ծառայությունների սպասման ժամկետները, նվազել է ներգաղթը, ամրապնդվել է պաշտպանունակությունը և բարձրացել է երկրի միջազգային հեղինակությունը։ Սթարմերը նաև զգուշացրել է, որ աշխարհում աճում են սպառնալիքները և ընդգծել Ուկրաինային շարունակական աջակցության կարևորությունը։
Նա հաջողություն է մաղթել իր հաջորդին՝ հայտարարելով, որ «փոխանցում է էստաֆետը» Էնդի Բերնհեմին և լիովին աջակցում է նրան։
Ո՞վ է Էնդի Բերնհեմը
Էնդի Բերնհեմը Լեյբորիստական կուսակցության երկարամյա գործիչ է, որը վերջին տարիներին հայտնի էր հատկապես որպես Մանչեսթերի քաղաքապետ։ Նա քաղաքականության մեջ ներկայացել է որպես Լոնդոնի կենտրոնական իշխանության և երկրի հյուսիսային շրջանների միջև հավասարակշռության կողմնակից։
Բերնհեմն իր քաղաքական կերպարը կառուցել է որպես «հյուսիսի ձայն»՝ հաճախ ընդգծելով Մեծ Բրիտանիայի հյուսիսի և հարավի միջև տնտեսական ու քաղաքական տարբերությունները։
Նա վարչապետի պաշտոնում ևս պատրաստվում է պահպանել այդ մոտեցումը։ Բրիտանական լրատվամիջոցների տվյալներով՝ Բերնհեմը ծրագրում է իր աշխատանքային ժամանակը բաժանել Լոնդոնի և Մանչեսթերի միջև՝ փորձելով իշխանության մի մասը տեղափոխել մայրաքաղաքից դուրս։
Նա հայտարարել է Մանչեսթերում վարչապետական գրասենյակ ստեղծելու ծրագրի մասին, որը ստացել է «Հյուսիսային №10» անվանումը՝ ի տարբերություն Դաունինգ սթրիթի վարչապետական ավանդական նստավայրի։
Անի Վարդանյան




























