Ծիծեռնակաբերդում տեղադրված «տաղավարը» գռեհկացնում է հուշահամալիրի տեսքը. ճարտարապետներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք ճարտարապետներ հանդես են եկել հայտարարությամբ Ծիծեռնակաբերդում տեղադրված տաղավարի վերաբերյալ.

«Ծիծեռնակաբերդի հուշակոթողի համահեղինակ, ճարտարապետ Սաշուր Քալաշյանը,համահեղինակի իրավաժառանգ, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը ևհուշահամալիրի թանգարանի համահեղինակ, ճարտարապետ Լևոն Մկրտչյանը նամակով դիմել են հանրությանը՝ տեղեկացնելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում հայտնված մի «Տաղավարի» մասին, որը, ըստ ճարտարապետների, աղճատել է հուշահամալիրի ամբողջական դիտաընկալման տեսահորիզոնը:

Սիրելի հայրենակիցներ,

Մեծագույն ափսոսանքով ու նաև վրդովմունքով ենք տեղեկացնում, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ընթացիկ միջոցառմանը համայն աշխարհին ներկայանալու ենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տիրույթում օրերս ապօրինաբար ու անհայտ հեղինակմամբ հայտնված, մեծաչափ ու անհեթեթ մի՝ իբր ժամանակավոր «Տաղավարով» , որն անհանդուրժելիորեն խաթարել ու գռեհկորեն նսեմացրել է հուշահամալիրի գեղագիտական կեսդարյա անաղարտ կերպարը, աղճատել նրա ամբողջական դիտաընկալման տեսահորիզոնը: Այս իրողությունը հերթական ու վառ վկայությունն է մեր իրավազանց իշխանավորների մշակութային սնանկության, և ազգային արժեքների հանդեպ օրըստօրե ուժգնացող քամահրանքի:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը ոչ միայն մեր՝ հեղինակ քաղաքացիներիս, այլ համայն հայության հոգևոր ու նյութական սեփականությունն է, և նրա նկատմամբ ամեն մի անխոհեմ ոտնձգություն արձագանքվելու է բոլորիս հոգիներում:

Ուստի կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր դեռ սնվում ու հպարտանում են ազգային արժեքներով՝ անհապաղ այցելել հուշահամալիր, ականատես լինել իրադրությանը և օր առաջ միանալ բողոքարկման գործընթացին:

Հուշակոթողի համահեղինակ՝ ճարտարապետ Ս. Քալաշյան
Հուշակոթողի համահեղինակի իրավաժառանգ՝ ճարտարապետ Ա. Թարխանյան
Հուշահամալիրի թանգարանի համահեղինակ՝ ճարտարապետ Լ. Մկրտչյան»




Լրահոս