ՎՍՏԱՀ ՉԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 28-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Ստեփանակերտ» օդանավակայանը պաշտոնապես ստացել է շահագործման հավաստագիր, ըստ որի՝ օդանավակայանը համապատասխանում է միջազգային չափանիշներին եւ օդանավեր ընդունելու ու ճանապարհելու իրավունք ունի: Ասել է թե` Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանն այլեւս որեւէ տեխնիկական խնդիր չի խանգարում: Այդուամենայնիվ, առայժմ որեւէ տեղեկություն չկա, թե ի վերջո` օդանավակայանը երբ է ընդունելու առաջին ինքնաթիռը: Ինչպես հիշում ենք, դեռ 2011թ. մայիսի 9-ի եռատոնից առաջ հայտարարվեց, թե օդանավակայանը գործարկվելու է, սակայն Ադրբեջանի բարձրացրած հիստերիայի արդյունքում հայկական կողմը ստիպված եղավ առժամանակ հետաձգել օդանավակայանի շահագործումը` դա պայմանավորելով տեխնիկական խնդիրներով: Ավելին, Սերժ Սարգսյանն անգամ հայտարարեց, թե ինքն անձամբ կլինի դեպի Ստեփանակերտ թռչող առաջին ինքնաթիռում, եւ եթե ազերիները պատրաստվում են այն խփել, ուրեմն թող խփեն: Այդուհանդերձ, այդ առաջին թռիչքը մինչ օրս չի կայացել, եւ չնայած ազերիների տեւական վայնասունին՝ հուլիսի 13-ին տարածաշրջան կատարած այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որում նշված էր. «Համանախագահները կողմերից ստացան նոր երաշխիքներ այն մասին, որ նրանք մերժում են ուժի կիրառման սպառնալիքները քաղաքացիական օդանավերի դեմ, կանդրադառնան այդ հարցին միայն դիվանագիտական քայլերի միջոցով եւ զերծ կմնան խնդիրը քաղաքականացնելուց»: Արդյոք սա բավարար երաշխիք էր` օդանավակայանը գործարկելու համար: Ըստ ամենայնի` ոչ, քանի որ հաջորդող երկուսուկես ամիսներին «տեխնիկական խնդիրները» շարունակեցին մնալ չլուծված: Սակայն նախօրեին ԼՂՀ կառավարությանն առընթեր քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանի հայտարարությունները խոսում են այն մասին, որ սաֆարովյան գործարքից հետո ՀՀ իշխանությունները համարում են, որ հիմա հարմար պահ է օդանավակայանը գործարկելու համար: Նկատենք, որ օդանավակայանի գործարկմանը Ադրբեջանի արձագանքը լավագույնս ցույց կտա՝ արդյոք Սաֆարովի հարցով գերտերությունների դատապարտող հայտարարությունները, ձեւից բացի, կրում էին նաեւ իրական քաղաքական բովանդակություն: Եթե դա այդպես է, ապա Ադրբեջանը դժվար թե հանդգնի այս իրավիճակում եւս մեկ անգամ փորձության ենթարկել միջազգային հանրության համբերությունը: Սակայն եթե իրականում Ադրբեջանին դատապարտող գերտերությունները նույն օրն եւեթ շտապել են իրենց դեսպաններին գործուղել Ալիեւի մոտ` վերջինիս հավաստիացնելով, որ իրենք պարզապես ֆորմալ մասն են ապահովում, այդ դեպքում հայկական կողմը մտածելու բան ունի` մինչեւ օդանավակայանի գործարկումը: Դատելով այն հանգամանքից, որ նախընտրական «փի առը» լայն թափով սկսած Սերժ Սարգսյանը չի շտապում ասել, թե երբ է նստելու Ստեփանակերտ թռչող առաջին ինքնաթիռը, հայկական կողմն այս առնչությամբ կասկածներ ունի:




Լրահոս