ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ խորհրդարանին ներկայացրեց իր միջնորդությունը՝ խնդրելով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: «Սա չի նշանակում, որ նա կալանավորվելու է»,-շտապեց հանգստացնել Ա. Հովսեփյանը, որը վերջին տարիներին նման միջնորդությամբ խորհրդարան էր մտել Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, անձեռնմխելիությունից զրկելու համար:
Այն, որ Հայաստանում քաղաքական հնչեղություն ստացած գործերն իրավական առումով փուչիկ են, որոնք պայթում են դատարաններում, վաղուց որեւէ մեկի համար նորություն չէ: Ուստի բացառություն չէր նաեւ Վ. Օսկանյանի գործը, որը բազում անհեթեթություններով է հագեցած. ճիշտ այնպես, ինչպես Օսկանյանի իշխանության տարիներին էին ընդդիմության դեմ գործեր սարքվում:
Իսկ ինչպե՞ս է Օսկանյանը լվացել ամերիկյան փողերը: Ըստ գլխավոր դատախազի՝ Օսկանյանի հաշվին ընդհանուր առմամբ փոխանցվել է 1 մլն 400 հազար դոլար, որից 1 մլն 200 հազարը` որպես ստանդարտ ներդրում, Վ. Օսկանյանի անունով: Մնացած գումարը նա փոխանցել է այլ հաշվեհամարի վրա կամ ծախսել է: Եթե իրավաբանական լեզվով ասենք, ապա ՔՕ 179 հոդվածով Օսկանյանը յուրացրել կամ վատնել է ուրիշի գույքը: Նկատենք, որ այս գործում երկու «ուրիշ» կա: Մեկը ԱՄՆ-ի հանրապետական Ջոն Հանթսմանն է, որը փողեր է ուղարկել Վ. Օսկանյանին, սակայն երբեւէ չի հարցաքննվել ԱԱԾ-ում, մյուսը Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամը, որից հափշտակել է Օսկանյանը: Սակայն դատախազը բացատրեց. «Ուրիշը հենց «Սիվիլիթաս» հիմնադրամն է: Մենք պաշտպանում ենք նրա գույքային շահերը, քանի որ 181 մլն 181 հազ. դոլարը Վ. Օսկանյանի կողմից օգտագործվել են անձնական նպատակների համար: Մենք պարտավոր էինք պաշտպանել «Սիվիլիթաս»-ի նյութական շահերը, ու ամենեւին էլ կարեւոր չէ, թե գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանն ինչ մտերմական հարաբերությունների մեջ է Օսկանյանի հետ»:
Բնականաբար, Հայաստանի թիվ մեկ դատախազին որեւէ մեկն ԱԺ-ում չհավատաց. տպավորություն էր, որ ինքն էլ չէր հավատում իրեն: «Պարո՛ն Հովսեփյան, եթե Ձեր միջնորդությունում Վարդան Օսկանյան անունը փոխարինենք Աղվան Հովսեփյան անունով, մեկ միլիոն չգիտեմ ինչքան կանխիկ գումարը փոխարինենք «Ֆոլքսվագեն ֆաետոն» ավտոմեքենա անունով, ապա նույն հիմնավորումներով կարելի է խոսել Ձեր դեմ քրեական գործ հարուցելու մասին»,-հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ Հովսեփյանին սպասարկող մեքենան պատկանում է ուրիշին, որի վրա դատախազը փակցրել է դատախազության պետհամարանիշ: Ի պատասխան՝ Հովսեփյանն ասաց, թե ակնկալում է, որ Փաշինյանն իր հարցադիմումը կփոխարինի հայտարարությամբ ու կկատարի իր քաղաքացիական պարտքը՝ դիմելով քննչական մարմիններին: Ինքն էլ խոստացավ ցուցմունք տալ: «Ես իմ քաղաքացիական պարտքը կատարելու շրջանակներում ամեն ինչ կանեմ, որ Դուք պաշտոնանկ արվեք, որ նախաքննությանը չխոչընդոտեք այդ գործով»,-արձագանքեց Փաշինյանը:
ԲՀԿ-ական պատգամավորին «ընդդիմություն օծելու» պաշտոնական արարողության մյուս մասում «ոճրագործը» (դատախազը Օսկանյանին այդպես անվանեց ելույթներից մեկում) խիստ հուզվեց եւ սրտաճմլիկ նկարագրեց, թե ինչ մեծ վիրավորանք է ապրել, երբ ԱԱԾ աշխատակցի կողմից անգամ ծրարի մեջ չդրված հայց է ստացել: «Սա՞ է ձեւը տասը տարվա ԱԳ նախարարին վերաբերվելու: Պարո՛ն Աբրահամյան, մի հատ պատասխանե՛ք: Մարդ ենք, կարող ենք սխալվել, մի հատ կանչե՛ք, ասե՛ք՝ պարո՛ն Օսկանյան, այստեղ խնդիր ունենք…»,-դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին՝ ասաց Օսկանյանը, որին ի պատասխան՝ Աբրահամյանն ասաց. «Եթե ժամանակին գնայիք ու իրավապահ մարմիններին այս բաներն ասեիք, ոչ թե խուսափեիք, միգուցե այս հարցը չառաջանար…»: Այստեղ եւս մեկ անգամ բացահայտվեց, որ մինչ դատախազի միջնորդությունը ԱԺ նախագահի սենյակում Գագիկ Ծառուկյանը, Աղվան Հովսեփյանն ու Հովիկ Աբրահամյանը խոսել են Օսկանյանի գործի մասին: «Բայց ես այդ հանդիպումից խաբված եմ զգում»,-պարզաբանեց Օսկանյանը՝ չմանրամասնելով, թե ինչ խոստում է ստացել ու ինչպես է խաբվել:
Այսպիսով, եթե վերլուծելու լինենք կատարվածը, պետք է նկատենք, որ երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը մի քանի նպատակ կարող է հետապնդել. մեկ, որ ԲՀԿ-ն դառնա ընդդիմադիր, որպեսզի այլ, առավել անկանխատեսելի ընդդիմադիր ուժեր չհայտնվեն քաղաքական դաշտում: Երկրորդ՝ Օսկանյանին պատժեն, որ մյուս անգամ ԱՄՆ-ի անունը տալով՝ իրեն անպարտ չպատկերացնի ու ինչ մտածի՝ խոսի: Երրորդ՝ խայտառակել Օսկանյանին այնպես, որ ողջ աշխարհն իմանա՝ պրոռուսական դաշտում գործունեություն ծավալող ԲՀԿ-ի ներկայացուցիչը սնվում է ԱՄՆ-ից, այն էլ՝ մորմոններից:
Ինչեւէ, այսօր Օսկանյանին ձեռնամխելի դարձնելու գործընթացը կավարտվի. ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը հայտարարել են, որ բոյկոտելու են քվեարկությունը, կհեռանան ԱԺ-ից, ՀՅԴ-ն դեմ կքվեարկի, իսկ ՀԱԿ-ը դեռ չի կողմնորոշվել, բայց հավանաբար դեմ կլինի: Արդյունքում Օսկանյանին «հանձնելու» գործընթացը պետք է «պատվով տանեն» ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը՝ ապահովելով 66 մարդու ներկայություն ու առնվազն դրա կեսի եւ գումարած մեկ ավելի ձայն՝ փակ-գաղտնի քվեարկության արդյունքում:
ՌԵԺԻՄԸ ԳՐՈՀՈՒՄ Է, ՕՍԿԱՆՅԱՆԸ՝ ՀՈՒԶՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ