Ապրիլի 25-ից պետք է սկսել պահանջատիրության և հատուցման գործընթաց. Կիրո Մանոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հռոմի պապի պատարագը, Եվրախորհրդարանի բանաձևը իսկապես ստեղծեցին այն ցունամին, որից Թուրքիան այդքան վախենում էր: Հիմա էլ ապրիլքսանչորսյան միջոցառումներով այդ ցունամին շարունակվում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը:

Վերջինիս խոսքով` Թուրքիան նույնիսկ տապալում է իր ժխտողական քաղաքականությունը: «Թուրքիան իր իսկ քաղաքականությունը տապալեց նախ այն պատճառով, թե իբր Գալիպոլիի միջոցառումները պետք է անցկացնեին մեր միջոցառումների վրա: Դա հավելյալ հետաքրքրություն ստեղծեց մեր միջոցառումների նկատմամբ»,- նշեց Կիրո Մանոյանը:

Հարցին, թե ինչ է լինելու ապրիլի 24-ից հետո, Մանոյանը նշեց` ապրիլի 25-ից պետք է սկսել պահանջատիրության և հատուցմանն ուղղված գործընթացները: «Սակայն, դա դեռ չի նշանակում, որ ճանաչման գործընթաց այլևս չպետք է իրականացվի: Կարծում եմ` մինչև ապրիլի 24-ն այլ ճանաչումներ ևս կլինեն»,- կարծիք հայտնեց Կ. Մանոյանը:

Վերջինիս կարծիքով` այն երկրները, որոնք չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը Թուրքիային չնեղացնելու համար, մեջքից հարվածում են թուրք հասարակության այն հատվածին, որը փորձում է ճանաչել իր պատմությունը և պահանջում է պետությունից ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառն արտասանել-չարտասանելուն, Մանոյանը կարծում է, որ դա այնքան էլ կարևոր չէ. «Ուզում է արտասանի, ուզում է` ոչ: Հենց Թուրքիայի նախագահն ասաց ցեղասպանություն, Օբաման էլ մյուս օրը կրկնեց, կհայտնվի ծիծաղելի իրավիճակում։ Դա պետք է նա հասկանա: Մայիսի 7-9-ը ԱՄՆ-ում սպասվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որին ներկա են լինելու նաև մեր երկու կաթողիկոսները։ Եթե մինչև այդ Օբաման չասաց «ցեղասպանություն» բառը, ապա պետք է նրան ասենք, որ էլ չենք ուզում»,- շեշտեց Կիրո Մանոյանը:




Լրահոս