Ապրիլի 24-ին ով է ներկայացնելու վրացական պատվիրակությունը Երևանում. Ռեզոնանսի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չնայած նրան, որ Վրաստանը չի ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը, ապրիլի 22-24 հիշատակի միջոցառումներին մասնակցելու համար Երևան կայցելի վրացական պատվիրակությունը: Սակայն դեռևս պարզ չէ, թե ով կղեկավարի պաշտոնական պատվիրակությունը: Պարզ է միայն այն, որ ո՛չ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ո՛չ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին Հայաստանում չեն լինի, իսկ թե արդյոք երկրի վարչապետը կլինի այստեղ, դեռևս քննարկվում է»,- գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը՝ նշելով, որ Վրաստանի համար այդ հարցը կրկնակի անգամ նրբանկատ է:

«Նախ բարձր մակարդակով մեր երկրի պատվիրակության մասնակցությունը կարող է նեղացնել մեր ռազմավարական գործընկերներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին: Բացի այդ, կա ևս մեկ կարևոր մանրուք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար ապրիլի 22-24 Երևան է ժամանելու նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և, ամենայն հավանականությամբ, նա ստիպված կլինի հանդիպել վրացական պատվիրակության հետ»,- գրում է թերթը:

Ինչպես հայտնում է դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն` «այս նրբանկատ հարցում» Վրաստանը պատմականորեն պետք է զգույշ լինի:

«Պատվիրակությունը պետք է գնա. եթե ապրիլի 24-ին վարչապետը չգա Երևան, ապա Հայաստանում այդ փաստին չպետք է քննադատաբար վերաբերվեն: Սակայն նա նաև նշում է, որ եթե դիվանագիտական մակարդակով նախնական աշխատանքներ են տարվել Պուտինի ու վրացական պատվիրակության հնարավոր հանդիպման շուրջ, ապա այդ դեպքում Երևան կարող է գնալ վարչապետը և դա «յուրօրինակ» հնարավորություն կլինի»:




Լրահոս