ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՈՒՄ
Մոսկվայի հյուսիսում զինված հարձակում է տեղի ունեցել Toyota Land Cruiser մեքենայի վրա, ինչի հետեւանքով վարորդը զոհվել է: Ինչպես պարզվել է, սպանվածը հայ գործարար Սերգեյ Բեգլարյանն է: Միջադեպը տեղի է ունեցել Կրոնշտադի բուլվարում հոկտեմբերի 2-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում: Դեպքի վայրում մոտ 100 պարկուճ է հայտնաբերվել: Ըստ որոշ տվյալների՝ հնարավոր է՝ Բեգլարյանի վրա կրակ է բացվել միանգամից 2 հրազենից, ինչով եւ պայմանավորված է պարկուճների նման քանակությունը: Հանցագործներին հաջողվել է փախչել դեպքի վայրից: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՄՏԵՐԻՄ ԸՆԿԵՐՆԵՐ
«ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 91 տարվա մտերիմ ընկերներ Ջոզեֆ Կաթսն ու Ալ Սիգելը միասին են նշել իրենց ծննդյան 100-րդ տարեդարձը»,-գրում է YahooNews-ը: Միջոցառման առթիվ հավաքված 30 հյուրերի ներկայությամբ ծերուկները գովել են մեկը մյուսի բնավորության լավ գծերը եւ նշել, որ իրենց ընկերությունը պետք է օրինակ ծառայի երիտասարդների համար: Նրանք խոսել են նաեւ իրենց երկարակեցության մասին՝ նշելով, որ առողջ ու երկար ապրելու համար անհրաժեշտ է ճիշտ սնվել, չծխել, ալկոհոլ չօգտագործել, զբաղվել հեծանվասպորտով եւ պարով:

ԹԵՅԱՎՃԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Թուրքիայի Անթալիա քաղաքի ռեստորաններից մեկի տերը դատի է տվել իր մատուցողներից 2-ին, որոնք ծեծել են իրար 10 հազար դոլար թեյավճարի պատճառով: Տղամարդկանց միջեւ ծագած վեճի պատճառով ռեստորանի գույքի զգալի մասը վնասվել է, բացի այդ, տուժել է նաեւ հաստատության հեղինակությունը: Աննախադեպ թեյավճարը  թողել է մի ռուս գործարար: Այժմ ռեստորանի տերը պահանջում է, որպեսզի մատուցողները փոխհատուցեն իրեն պատճառված վնասը:

ԾԵԾԵԼ Է

«ԱՄՆ-ում 6-ամյա դպրոցականը ծեծել է ֆիզկուլտուրայի ուսուցչին, դպրոցի տնօրենին եւ պահակին»,-հայտնում է NEWSru.com-ը: Ֆիզկուլտուրայի 27-ամյա ուսուցչի խոսքով` ընդմիջման ժամանակ երեխան հարձակվել է իր վրա, երբ ինքը նկատողություն է արել նրան: Անգամ օգնության հասած տնօրենին ու պահակին չի հաջողվել կանգնեցնել երեխային: 6-ամյա տղան կոտրել է ուսուցչի դաստակը, վնասել ոտքը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս