Պուտինի այցը Հայաստան ցույց է տալիս, թե ով է մեզ համար կարևոր. ՌԴ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն ամբողջ աշխարհի, այդ թվում` Թուրքիայի հետ պետք է հարաբերությունները կարգավորի:  Armlur.am-ի հետ զրույցում, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստանի այցի և ռուս-թուրքական հարաբերությունների վրա դրա ազդեցության մասին, այս մասին նշեց  ՌԴ պատգամավոր Բորիս Ռեզնիկը: Վերջինս Երևանում մասնակցում է «Ընդդեմ Հայոց ցեղասպանության հանցագործության» հասարակական -քաղաքական ֆորումին:

– Պարո’ն Ռեզնիկ, նման ֆորումներն ի՞նչ նշանակություն կարող են ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

– Նախ ուզում եմ ասել, որ հայերն իսկապես շատ մեծ աշխատանք են կատարել և միջազգային մասշտաբի ֆորումներ են անցկացնում:  Օրինակ` «Արարատ» միջազգային ֆորումում կարևոր հայտարարություններ հնչեցին Հայոց ցեղասպանության մասին: Այս ֆորումը նույնպես գլոբալ և կարևոր է: Այստեղ են գտնվում տարբեր երկրների հասարակական-քաղաքական` կշիռ ունեցող գործիչներ: Հայերը կարողացան գրավել նաև Հռոմի պապի ուշադրությունը, ով ներկայացնում է կաթոլիկ աշխարհը:

– Իսկ  ճանաչման գործում առաջընթաց տեսնո՞ւմ եք:

– Ցավոք սրտի, դեռ այնքան էլ շատ երկրներ չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այսօր այստեղ էր հայտնի իսրայելցի պրոֆեսոր, ով հետաքրքիր մտքեր արտահայտեց, սակայն չասեց ամենագլխավորը, թե ինչու Իսրայելը չի ճանաչում ցեղասպանությունը: Նրանք Հոլոքոստ են ունեցել, և այսօր դա բոլոր հրեաների ամոթն է: Նրանք պատճառներ են բերում, թե պետք է Թուրքիայի հետ հարաբերություններ կարգավորել Մերձավոր Արևելքում: Դրանք մանրուքներ են, որոնք նպատակ ունեն ձգձգել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը: Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ: Նրանք պետք է փոխեն իրենց դիրքորոշումը:

– Սերգեյ Նարիշկինի` Թուրքիա  և Վլադիմիր Պուտինի` Հայաստան այցն ի՞ նչ ազդեցություն կարող են ունենալ ռուս-թուրքական հարաբերությունների վրա:

– Ամենակարևորն այն է, որ Ռուսաստանը վաղուց և միանշանակ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Բացի այդ` Ռուսաստանն այսօր հանդիսանում է Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը: Այն, որ մեր ռազմաբազան է այստեղ գտնվում և սա շատ թանկ է: Մնացած բոլորը քաղաքականություն և խոսքեր են: Մենք պետք է կարգավորենք մեր հարաբերությունները բոլորի, այդ թվում` Թուրքիայի հետ: Ես, հարգում եմ մեր Պետդումայի խոսնակին՝ պարոն Նարիշկինին, նա է Թուրքիա գնում, որը ցույց է տալիս, թե որն է մեզ համար գլխավորը: Սա ժեստ է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին է ՌԴ-ի վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ: Վլադիմիր Պուտինն առաջին անգամ չէ Հայաստան գալիս:

– Նարիշկինի` Թուրքիա այցը չի՞ նշանակում. որ Ռուսաստանը մասնակցում է պատմության աղավաղմանը:

– Ո’չ, չեմ կարծում:  Դա նշանակում է, որ մենք պետք է հարաբերություններ ստեղծենք ող աշխարհի հետ:  Եթե Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, չի նշանակում, թե պետք է հարաբերությունները խզենք նրանց հետ: Նարիշկինը գնում է խոսելու,  ասելու, թե ինչու է մեր երկրի նախագահը գնում Երևան, ոչ թե Անկարա:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս