«Ե՞րբ և որտե՞ղ է հայոց Նյուրենբերգը». Գալուստ Սահակյանը` գլոբալ ֆորումում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեկնարկել են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի երկրորդ օրվա աշխատանքները: Ֆորումում ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա նշեց, թե ցանկալի կլիներ, որ աշխարհում ցեղասպանություն երևույթ առհասարակ գոյություն չունենար:

«Ցավոք, սակայն, քանի դեռ կան երկրներ, որոնք մարդու դեմ բռնություն, ատելություն ու ուժ են կիրառում, ավերում ընտանիքներ ու օջախներ, ցեղասպանության թեման մնում է արդիական: Ավելի քան 100 տարի առաջ հենց ատելության, ավելի ճիշտ հայատյացություն ցուցաբերելով՝ օսմանցիները սկսեցին կենազրկման և ունեզրկման մի քաղաքականություն վարել՝ իրականացնելով Հայոց ցեղասպանությունը:

Հայերի դեմ իրագործված ցեղասպանությունը տեղի ունեցավ մարդկության աչքի՝ ամենատես, բայց նաև ամենաթող աչքի առաջ: Այսօր էլ, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի ծավալման հետ մեկտեղ՝ ակնհայտ է, որ քաղաքական շահը գերազանցում է բարոյական շահին: Ցեղասպանության ժխտումը նշանակում է` ժամանակի շավղից դուրս սայթաքել»,- նշեց նա:

Գ, Սահակյանն անդրադարձավ նաև արդար դատաստանի հարցին. «Նյուրենբերգում դատաստանն արդար էր, դատավճիռն ընդունելի այնքանով, որ պատմության դատաստանն էր: Իսկ Հայոց ցեղասպանությունն առ այսօր սպասում է իր արդար դատին:  ՀՀ նախագահն իր խոսքերից մեկում նշել էր` ե՞րբ և որտե՞ղ է հայոց Նյուրենբերգը: Սա վերացական հարց չէ: Սա պահանջ է միջազգային հանրությունից: Եթե Թուրքիան շարունակում է ժխտել պատմական ճշմարտությունը, ապա քաղաքակիրթ աշխարհն իրավունք չունի լռելու, ավելին` պետք է անկաշկանդ արտահայտի ճշմարտությունը»,- ասաց նա:

«Մի քանի օր առաջ այս հարցում բեկումնային խոսքով հանդես եկավ Հռոմի պապը, նա կատարեց հիմնարկեքը ճշմարտության այն տաճարի, որում պետք է ապաշխարեն Ցեղասպանության ժխտողները: Պետք է գիտակցել, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր պատմության էջ է, այլ պատմության դաս՝ բոլորի համար», – եզրափակեց նա:




Լրահոս