Տխուր պատկեր. Հայաստանն ապրում է «ետ գցած» փողերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 491 միլիոն 500 հազար դոլար: Սա Հայաստանի, այսպես կոչված, «սեւ օրվա» գումարն է: Այս տարվա փետրվարին Հայաստանի միջազգային պահուստները եղել են 1 միլիարդ 260 միլիոն 900 հազար դոլար: Այսինքն, մարտին Հայաստանի միջազգային պահուստներն աճել են 230 միլիոն 600 հազար դոլարով:

Մյուս կողմից հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա մարտին հայտարարվեց, որ Հայաստանի կողմից թողարկված եվրոբոնդերի, կամ նույն է թե՝ եվրապարտատոմսերով ձեռք բերված 500 միլիոն դոլարի պարտքից 200 միլիոն դոլարն ուղղվելու էր միջազգային պահուստների համալրմանը: Այսինքն, միջազգային պահուստները մարտին գործնականում ավելացել են 30 միլիոն 600 հազար դոլարով: Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Հայաստանը թողարկել է 500 միլիոն դոլարի եվրապարտատոմս` տարեկան 7,5 տոկոսով եւ 10 տարի ժամկետով: Նշված ժամկետում Հայաստանն իր թողարկած եվրապարտատոմսերի գնորդներին պետք է վճարի 875 միլիոն դոլար:

Բայց դառնանք ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տվյալներին, որի համաձայն անցած տարվա սկզբին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2 միլիարդ 251 միլիոն 613 հազար 609 դոլար: Իսկ անցած տարվա վերջին արդեն՝ 1 միլիարդ 489 միլիոն 443 հազար 269 դոլար: Այսինքն, 2014 թվականի ընթացքում Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 762 միլիոն 170 հազար 340 դոլարի չափով: Հայաստանի տնտեսության, մեղմ ասած, ծանր վիճակի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ միայն այս տարվա առաջին երկու ամիսներին մեր հանրապետության միջազգային պահուստները նվազել են 228 միլիոն 543 հազար 269 դոլարով:

Ի դեպ, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահին` անցած տարվա ապրիլի 3-ին, Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1 միլիարդ 970 միլիոն 300 հազար դոլար: Վերջինիս պաշտոնավարման վերջին երեք ամսում մեր հանրապետության միջազգային պահուստները նվազել են 281 միլիոն 313 հազար դոլարով: Վերջին մեկ տարում Հայաստանի միջազգային պահուստները պակասել են 678 միլիոն 800 հազար դոլարի չափով (այս տարվա մարտի 200 միլիոն դոլարի համալրումը չենք հաշվարկել, քանի որ, ինչպես արդեն նշել ենք, դա տեղի է ունեցել բարձր տոկոսով ձեռք բերված վարկի հաշվին): Այլ կերպ ասած՝ արդեն մեկ տարի է Հայաստանն ապրում է «սեւ օրերի» համար ետ գցած գումարների հաշվին:

Սակայն ակնհայտ է, որ նման կերպ երկար չի կարող շարունակվել, եւ եթե տնտեսությունը չսկսի աճել, իսկ միջազգային պահուստներն էլ չսկսեն վերականգնվել, ապա մի օր էլ Հայաստանը փաստի առաջ է հայտնվելու: Ու կարող է պարզվել, որ ո՛չ բյուջեում գումար կա եւ ո՛չ էլ միջազգային պահուստներում է «ետ գցած» գումար մնացել: Հատկանշական է, որ Հայաստանը նման ծանր տնտեսական վիճակում պատերազմի տարիներից հետո չէր հայտնվել: 90-ականների երկրորդ կեսին Հայաստանի տնտեսությունը տարեցտարի աճում էր, ինչին նպաստում էր նաեւ արտերկրից եկող տրանսֆերտների տարեցտարի աճը:

Նույնիսկ 2009-ին, երբ միջազգային տնտեսական ճգնաժամը հասավ Հայաստան, նման անհույս վիճակ չէր, քանի որ բոլորը գիտակցում էին, որ այդ ամենը ժամանակավոր բնույթ է կրում, եւ առնվազն մեկ տարվա ընթացքում միջազգային տրանսֆերտները կվերականգնվեն, եւ իրավիճակը կշտկվի: Իսկ այսօր իրավիճակից դուրս գալու ուղիները չեն երեւում, քանի որ տրանսֆերտների անկման պատճառը` Ռուսաստանի եւ Արեւմուտքի հակամարտությունը, մոտ ապագայում չի հանգուցալուծվի ու կարող է տարիներ տեւել:

Մյուս կողմից էլ ՀՀ իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն խթանել Հայաստանի տնտեսության զարգացումը, որպեսզի գերտերությունների միջեւ հակամարտության հետեւանքները մեզ վրա այդքան ուժգին չազդեն: Թերեւս հենց այս անելանելի վիճակն է պատճառը, որ իշխանական կուլիսներում համառորեն քննարկում են Կառավարության շուտափույթ փոփոխության հարցը: Իսկ դա ի՞նչ կտա մեզ, անհայտ է:

Վահագն Հովակիմյան




Լրահոս