Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատը հրապարակել է 2025 թվականի տարեկան հաղորդումը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման վերաբերյալ իրականացված հաշվեքննությունների արդյունքները։ ArmLur.am փորձել է առանձնացրել տարեկան հաղորդման ակնառու կետերը։
Հաղորդման համաձայն՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում արձանագրվել են համակարգային բնույթի մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ինչպես ֆինանսական հաշվետվություններին, այնպես էլ պետական կառավարման տարբեր օղակների վերահսկողության մեխանիզմներին։
Հաշվեքննիչ պալատը նշում է, որ հաշվեքննությունների շրջանակում ընդգրկվել է հանրային իշխանության 8 մարմին՝ ընդգրկելով բյուջեի ծախսերի շուրջ 80 տոկոսը։ Արդյունքում արձանագրվել է 48 դեպք՝ խեղաթյուրումների, որոնց ընդհանուր ծավալը գնահատվում է շուրջ 3,1 միլիարդ դրամ։
Փաստաթղթում առանձնացվում են մի շարք խնդիրներ՝ ներառյալ ծրագրերի և ծախսերի դասակարգման թերությունները, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների անճշտությունները, սկզբնական փաստաթղթերի բացակայությունը կամ թերի ձևակերպումները, ինչպես նաև ներքին հսկողության և ներքին աուդիտի համակարգերի անբավարարությունը։
Բացի այդ, արձանագրվել են նաև գնումների գործընթացներում ընթացակարգային խախտումներ և կապիտալ ծրագրերի իրականացման, նախագծման ու տեխնիկական հսկողության համակարգային խնդիրներ։
Հաշվեքննիչ պալատը նշում է, որ որոշ խախտումներ կրում են ոչ թե մեկանգամյա, այլ կրկնվող և համակարգային բնույթ, ինչը, ըստ կառույցի, պահանջում է պետական ֆինանսների կառավարման մեխանիզմների վերանայում։
Միևնույն ժամանակ, Հաշվեքննիչ պալատը հիշեցնում է, որ 2024 թվականի պետական բյուջեի վերաբերյալ եզրակացությունը հաստատվել է 2025 թվականի մայիսի 26-ին։
Փորձագետների գնահատմամբ՝ արձանագրված խնդիրները կարող են վկայել պետական ֆինանսների կառավարման ոլորտում վերահսկողական համակարգերի թերությունների մասին։

Հեղինակ՝ Ա․ Վարդանյան




























