ՀՀ ՏՄՊՊՀ-ը շարունակում է ուսումնասիրություններ իրականացրել ԱԺ-ում հնչեցված հարցերի վերաբերյալ.
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015 թվականի տարեկան ծրագրի ներկայացման ժամանակ Ազգային ժողովում բարձրացված հարցերից մեկն էլ վերաբերում էր նրան, որ ՀՀ-ում որոշ ապրանքների ներմուծման և իրացման գնի միջև առկա է մինչև 250 տոկոս տարբերության, ինչն իբրև թե պայմանավորված է այդ ոլորտներում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առկայությամբ: Որպես տեղեկատվության աղբյուր վկայակոչվել է «Հայաստանի տնտեսության վերափոխումները և վերելքի հեռանկարները» (Ա. Մարկոսյան, Հ. Սարգսյան) գիրքը, որը ուսումնասիրվել է ՏՄՊՊՀ մասնագետների կողմից:
Արդյունքում պարզվել է, որ հեղինակների կողմից կատարվել են մեթոդաբանորեն ոչ ճիշտ համադրումներ և համեմատություններ, ինչն էլ հիմք է հանդիսացել նման տեղեկատվության տարածման համար:
Որպես օրինակ, նշենք, որ, ասենք, ներմուծվող սառեցված տավարի մսի (այդ թվում Հնդկաստանից ներմուծվող խոշոր եղջերավոր կենդանու) մաքսային արժեքը համեմատվել է տեղական թարմ մսի մանրածախ վաճառքի գնի հետ, ինչը ճիշտ չէ: Խանութներում վաճառվող թարմ տավարի մսի գինը էականորեն բարձր է ներմուծվող սառեցված մսի գնից, որը հիմնականում օգտագործվում է մսամթերքի արտադրության մեջ, հետևապես դրանք չեն կարող համադրելի լինել:
Նույն կերպ էլ ներմուծվող սառեցված խոզի մսի մաքսային արժեքը, որը, բնականաբար, անհամեմատ ցածր է, համեմատվել է տեղական թարմ մսի իրացման արժեքի հետ: Արդյունքում էլ ստացվել է ներմուծման և իրացման գնի միջև առկա բավականին մեծ տոկոսային տարբերություն, որը սխալ համադրումների հետևանք է:
Կամ, ասենք, գրքի հեղինակները համեմատել են ներմուծված շաքարավազի մաքսային արժեքը շաքարավազի մանրածախ գնի հետ: Հայտնի է, որ ՀՀ ներմուծվում է ոչ թե պատրաստի շաքարավազ, այլ շաքարավազի հումք, որից տեղական արտադրությունում ստացվում է պատրաստի ապրանքը: Հետևապես տեղին չէ շաքարավազի հումքի մաքսային արժեքը համեմատել պատրաստի շաքարավազի մանրածախ վաճառքի գների հետ: Նման կերպ համադրումներ են կատարվել նաև այլ ապրանքային շուկաներում:
Ընդհանրապես այս կամ այն ապրանքի իրացման գծով եկամտաբերությունների մակարդակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է հաշվի առնել, որ ներմուծումից մինչև մանրածախ վաճառք ապրանքն անցնում է մի քանի փուլերով, որոնց ընթացքում մաքսային արժեքին ավելանում են հարկեր և այլ ծախսեր, որոնք ներառված չեն մաքսային արժեքներում, իսկ մանրածախ իրացման գներում, բնականաբար, հաշվարկվում են:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ը մշտապես ուսումնասիրություններ է իրականացնում տարբեր ապրանքային շուկաներում՝ հատուկ ուշադրություն դարձնելով հատկապես սոցիալական կարևորության շուկաներին: Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաճառքի գները գտնվում են հնարավոր ցածր մակարդակում և նման անիրատեսական եկամտաբերության մակարդակ առկա չէ որևէ շուկայում, բացի այդ ապրանքների հիմնական մասի ներմուծմամբ և իրացմամբ զբաղվում են բազմաթիվ տնտեսվարողներ:
ՀՀ ՏՄՊՊՀ