ՈՒՐԵՄՆ ՉԵՍ ԿԱՐՈՂ, ԵԹԵ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի, հաղորդավարուհի ՆԱՌԱ ԹՈՒՄԱՍՅԱՆԸ սիրով է կատարում իր աշխատանքը, կարծում է, որ դերասանն իրավունք չունի ասել` այս կամ այն դերը խաղալ չեմ կարող, քանի որ հենց դա է նրա աշխատանքը:
-Թատրոնին զուգահեռ զբաղվում եք նաեւ հաղորդավարությամբ, Ձեզ ավելի շատ դերասանուհի՞, թե՞ հաղորդավարուհի եք համարում:
-2000թ.-ից աշխատում եմ Ստանիսլավսկու անվան թատրոնում ու միշտ եմ ասել, որ առաջին հերթին դերասանուհի եմ: Ես թատրոնում աշխատում էի, երբ ինձ հրավիրեցին հեռուստատեսություն: Հետո էլ դրանք շատ տարբեր մասնագիտություններ են, չեմ կարող նույնիսկ համեմատել: Թատրոնն ինձ համար բարձր արվեստ է, այն միշտ առաջին տեղում է:
-Մի ժամանակ նաեւ սերիալներում էիք նկարահանվում:
-Եղել է ժամանակ, երբ ասել եմ, որ չեմ նկարահանվի, հետո հասկանում ես, որ դա քո մասնագիտության շրջանակներում ես անում, հետո ի՞նչ, որ սերիալ է:
-Վերջիվերջո, յուրաքանչյուր դերասան էլ կցանկանար միայն ֆիլմերում նկարահանվել:
-Իհարկե, չնայած սերիալն ու գեղարվեստական ֆիլմն էլ չի կարելի համեմատել:
-Բոլորս գիտենք թատրոնի դերասանների աշխատավարձի չափը, ու չնայած դերասանների դժգոհությանը, միեւնույն է, ոչինչ չի փոխվում:
-Ուղղակի ափսոսում եմ, որ չի գնահատվում այն ամենը, ինչ արվում է մեր թատրոններում, որովհետեւ բոլորին թվում է, թե ներկայացում բեմադրելը, դեր կերտելը խաղ ու պար է, բայց չէ՞ որ դա ամիսների աշխատանք է` ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ հոգեբանական: Լավ կլիներ, եթե այդ ամենը հաշվի առներ մեր հանդիսատեսը: Ցավով պետք է նշեմ, որ չեմ նկատում, անգամ տպավորություն չկա, որ մեզ` դերասաններիս, բարձր են գնահատում: Դերասանները, որոնք աշխատում են թատրոնում, աշխատում են, քանի որ չափից շատ սիրում են իրենց մասնագիտությունն ու չեն պատկերացնում իրենց այլ ասպարեզում: Ես ուրախ եմ, որ դերասանները կարողանում են կողքից վաստակել ու ինչ-որ չափով բարեկեցիկ կյանք ստեղծել, ֆինանսական խնդիրներ չունենալ:
-Դուք նախընտրում եք քիչ վաստակել, բայց զբաղվել սիրած աշխատանքո՞վ:
-Չգիտեմ՝ ինչ կանեի, եթե կողքից եկամուտ չունենայի, հնարավոր է՝ լքեի թատրոնն ու այլ աշխատանք կատարեի, բայց քանի որ կարողանում եմ համատեղել, թատրոնում անում եմ այն ամենը, ինչ անում եմ:
-Հաճա՞խ եք հիասթափվում ու որոշում՝ վերջ, էլ բեմ չեմ բարձրանալու:
-Եթե այդպիսի արտահայտություններ էլ արվում են, ու դրանք հաստատ արվում են, շուտ անցնում է հիասթափության այդ էտապը: Ես կրկին շարունակում եմ ինչ-որ բաներ անել ու փորձում եմ ինքս ինձ ապացուցել հակառակը:
-Փաստորեն, ճի՞շտ է այն արտահայտությունը, որ բեմը ձգողական ուժ ունի:
-Եթե արդեն բեմ ես բարձրացել ու որոշել ես խաղալ, հանդիսատեսն ի՞նչ մեղք ունի, որ դու ստանում ես, օրինակ, 60 հազ. դրամ: Դա չի նշանակում, որ դու բարձրացել ես բեմ ու պետք է խաղաս 60 հազարի: Դու խաղում ես հանդիսատեսի համար, որ եկել է վայելելու, լիցքավորվելու, պետք է անել ամեն ինչ, որ նա գոհանա:
-Կան դերասանուհիներ, որոնք հրաժարվում են նկարահանվելուց, երբ նրանց կերպարը դուր չի գալիս կամ, օրինակ, բացասական դեր է լինում: Դուք ինչպե՞ս եք վարվում:
-Չեմ կարող ասել, որ չափից շատ հրավերներ եմ ունեցել, խաղացել եմ ե՛ւ բացասական, ե՛ւ դրական կերպար: Լսել եմ, որ մեր հեռուստադիտողը բավական տպավորվող է, կարող է քեզ դրսում տեսնել ու ամոթանք տալ` նույնացնելով կերպարիդ հետ: Բայց ինձ դա չի հետաքրքրում, ես ուզում եմ ստեղծել տարբեր կերպարներ: Չեմ հասկանում այն դերասաններին, որոնք հրաժարվում են բացասական կերպարներից. բայց ինչո՞ւ, չէ՞ որ դա քո մասնագիտություն է, ուրեմն չես կարող, եթե չես ուզում:
-Եթե Ձեզ առաջարկեն համարձակ նկարահանումներ, օրինակ՝ մի քիչ մերկություն, կհամաձայնե՞ք, թե՞ խիստ ավանդական հայացքներ ունեք:
-Դերասանն իրավունք չունի ասել՝ ես դա չեմ կարող անել, դու կարող ես դա անել քո տարբերակով: Ինչ վերաբերում է բաց տեսարաններին, դեմ եմ այդ ամեն ինչին սերիալում, բայց եթե գեղարվեստական ֆիլմ լինի ու գեղեցիկ մատուցվի, կարող եմ մտածել, կարող եմ նույնիսկ համաձայնել, եթե, իհարկե, այդ ամենը չափի մեջ է:
-Ի՞նչ եք ուզում ունենալ, որ հիմա չունեք:
-Հազար ու մի բան կարող եմ ասել, բայց չեմ ասի, քանի որ վստահ եմ՝ եթե մի բան շատ ես ցանկանում, անպայման մի օր ունենում ես: Կարելի է ասել՝ ոչնչի պակաս չունեմ, ժամանակի ընթացքում ամեն ինչ էլ կունենամ:
-Աշխատանքից դուրս ի՞նչ այլ հետաքրքրություններ ունեք:
-Շատ ժամանակ չեմ ունենում, բայց մտադիր եմ գնալ ձիարշավարան:
-Անձնական կյանքին ժամանակ մնո՞ւմ է:
-Իհարկե մնում է, ամեն ինչ նորմալ է, բողոքելու տեղ չունեմ: Սիրում եմ, սիրված եմ ու երջանիկ:
-Հարսանիքին ե՞րբ սպասենք:
-Երեւի տարեվերջին. ստացել եմ ամուսնության առաջարկ եւ համաձայնել եմ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս