Ադրբեջանի քաղաքական վերնախավը շարունակում է աշխարհին զարմացնել իր զավեշտալից հայտարարություններով: Ադրբեջանի խորհրդարանի ապրիլի 29ի նիստում պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան առաջարկել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումն ընդունած Եվրոպայի Խորհրդարանի 171 խորհրդարանականներին արգելել մուտք գործել Ադրբեջան եւ Թուրքիա ու բոլորին դատի տալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az ին տված հարցազրույցում Ադրբեջանում «հարգված» քաղաքական հասարակական գործիչ Ագիլ Սամեդբեյլին աջակցություն է հայտնել այդ առաջարկին:
«Նախ, պետք է խոստովանել, որ որպես Ադրբեջան եւ Թուրքիա, բավականին թույլ գտնվեցինք հայերի ցեղասպանության 100ամյա տարելիցի նախապատրաստմանը համարժեք միջոցառում ձեռնարկելու մեջ: Ավելին՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների մակարդակով «փայփայեցինք» կաթոլիկների պապին: Դրա հետ միասին` Եվրոպայի նման կերպ վարքը սպասելի էր: Ըստ նրանց, իրենք ոչ թե հայերին, այլ սեփական շահերն են պաշտպանում: Ես կողմ եմ, որ հայերի ցեղասպանությունը ճանաչողներին Թուրքիա եւ Ադրբեջան չթողնեն: Ավելին, թուրք ազգին զրպարտելու համար նրանց պետք է դատի տալ: Այս գործի հետ կապված՝ մեր իրավաբաններն ու պատմաբանները պետք է համատեղ հանձնաժողով ստեղծեն եւ միջազգային մակարդակում աղմուկ հանող գործընթաց սկսեն: Մեր պետություններն այս գործին պետք է լուրջ վերաբերվեն», ասել է Սամեդբեյլին: