ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ՎԱԽԵՑՈՂ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը քաղաքապետարանի աշխատակազմին ներկայացրեց նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Նա իր նոր աշխատավայրում ոչ այնքան ճոխ ընդունելության արժանացավ: Քաղաքապետարանի 1-ին հարկում դիմավորողների մի խումբ կար, իսկ 2-րդ եւ 3-րդ հարկերում աշխատողներն անգամ դուրս չէին եկել աշխատասենյակներից: Մարզպետն արդեն քաղաքապետի աշխատասենյակում նկատեց, որ լրագրողներն ավելի շատ են, քան քաղաքապետարանի աշխատակիցները, ու շրջվելով քաղաքապետի կողմը՝ ասաց. «Պարո՛ն Բալասանյան, իրանք հատուկ են այսօր այսքան շատ եկել, որ քո աչքը վախեցնեն. չվախենաս», ինչին հետեւեց   Բալասանյանի պատասխանը. «Ես վախեցողներից չեմ»:
Մարզպետը, շնորհավորելով քաղաքապետին, միաժամանակ շնորհակալություն հայտնեց նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, որն արարողությանը չէր մասնակցում: Շնորհակալությունների շարքը շարունակեց Ս. Բալասանյանն ու նշեց. «65 % վստահության քվե ստացա, իսկ դա շատ մեծ պատասխանատվություն է,  կփորձեմ այս 4 տարիների ընթացքում անել հնարավորը»: Բալասանյանը նկատեց, որ կուտակված շատ խնդիրներ կան, ինչի հետ կապված ե՛ւ մարզպետը, ե՛ւ նորընտիր քաղաքապետը խոստացան, որ 2 կառույցների համատեղ աշխատանքը կլինի ակտիվ:
Հարցին, թե ճիշտ են այն խոսակցությունները, որ այս մեկ ամսվա ընթացքում Վ. Ղուկասյանը հողերի վաճառքի գործարքներ է կնքել, ինչպես նաեւ քաղաքապետարանից գույք է հանել, ինչով էլ պայմանավորված է նրա վաղաժամ հրաժարականը, մարզպետը պատասխանեց. «Ես դրա մասին տեղեկություն չունեմ: Այսօր ստանձնում է նոր քաղաքապետը, կգա, կաշխատի, ու եթե թերություններ կամ ինչ-որ բան կհայտնաբերվի, մենք դրան ընթացք կտանք»:
Բալասանյանն ասաց, որ քաղաքապետարանում աշխատանքներն ու փոփոխությունները կսկսեն գույքագրումից՝ հասկանալու համար, թե քաղաքն ինչ ունի կամ չունի: Կստեղծվի հանձնաժողով եւ ստուգումների արդյունքում կհասկանան, թե ինչ կա քաղաքում, եւ ինչ է արվելու: Իսկ ներկայիս աշխատողների հետագա գործունեության հետ կապված՝ Բալասանյանն ասաց. «Ով մասնագետ է ու որպես համայնքային ծառայող՝ իր անձնագրին համապատասխանում է, մնալու եւ աշխատելու է, իսկ ով չի համապատասխանում, չի աշխատելու»:
Բալասանյանն արդեն տեղեկություններ ունի, որ քաղաքապետարանը մոտ 1 մլրդ դրամի պարտք ունի, բայց ավելի հստակ այդ մասին խոստացավ ասել ուսումնասիրություններ կատարելուց հետո միայն: Դեռ Գյումրու օրվա տոնական միջոցառումների ժամանակ նախկին քաղաքապետն ասել էր, որ եթե իր կարիքն ու անհրաժեշտությունը զգան, ինքը պատրաստ է օգնել: Այդ կապակցությամբ Բալասանյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ ոչ, մեծ սիրով»: Հարցին` հնարավոր է արդյոք, որ Ղուկասյանը հրավիրվի աշխատելու փոխքաղաքապետի պաշտոնում, նորընտիր քաղաքապետը չհասցրեց անգամ պատասխանել, քանի որ մարզպետի միջամտությունը չուշացավ. «Պրովոկացիոն հարց եք տալիս, նա պաշտոնի համար չի ասել, եւ գիտենք, որ դա հնարավոր չէ, ինչո՞ւ եք պրովոկացիոն հարցեր տալիս»:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս