ԱՄԵՆԱԾԵՐ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅՐԸ»
Հնդիկ գյուղացի Ռամաջիթ Ռագհավը 96 տարեկանում հայր է դարձել` գերազանցելով իր նախկին ռեկորդը: Նա առաջին անգամ հայր է դարձել 94 տարեկանում՝ դառնալով ամենածեր «երիտասարդ հայրը» Հնդկաստանում: Ռամաջիթը երիտասարդ տարիքում կուսակրոնության ուխտ է ընդունել, սակայն 10 տարի առաջ հանդիպել է մի կնոջ եւ սիրել նրան: Չնայած տարիքին` զույգը ամուսնացել է եւ որոշել երեխաներ ունենալ: Իր երկարակեցությունը հնդիկը բացատրում է ճիշտ կենսակերպով: Նա արթնանում է առավոտյան 5-ին, ամեն օր խմում է երկու լիտր կովի թարմ կաթ, իսկ նրա ուտելիքը կազմված է մրգերից եւ բանջարեղենից:
ԽԱԲՎԱԾ ԿԻՆԸ
Տոմսկում ուսուցչուհին որոշել է վաճառել իր երիկամը, որպեսզի վճարի հիփոթեքը: Նա գնորդին գտել է համացանցի միջոցով: Երիկամը գնել է եկատերինբուրգցի մի գործարար կին: Սակայն գնորդները դեռ գումարը չեն վճարել: Արդյունքում՝ կինը ե՛ւ վարկը չի վճարել, ե՛ւ զրկվել օրգանից: Նա արդեն երկու տարի է` սպասում է իր փողին: Խաբված կինը փաստաթղթեր է հավաքում, որպեսզի դատարան դիմի: Սակայն նա հասկանում է, որ գործարքով խախտել է «Դոնորության մասին» օրենքը, որի համաձայն` դոնոր լինելն անհատույց է:
«ԳԻՇԱՏԻՉ» ԿՈՇԻԿՆԵՐ
Բրիտանացի դիզայներներ Մարիանա Ֆանտիչը եւ Դոմինիկ Յանգը ստեղծել են տղամարդու՝ առաջին հայացքից սովորական, դասական կոշիկներ: Սակայն լաքապատ կոշիկների ներբաններն ամբողջովին պատված են բնականից չտարբերվող 1050 մարդկային ատամներով: «Գիշատիչ» կոշիկները ներկայացվելուց հետո բավական հակասական արձագանքներ են ստացել: Ոմանց կարծիքով՝ դրանք շատ հետաքրքիր են, սակայն մի մասն էլ գտնում է, որ կոշիկներն ուղղակի զզվելի են:
ԿԱՐՄԻՐ ՄԻՋՈՒԿՈՎ
Բրիտանական խանութներում հայտնվել են կարմիր միջուկով խնձորներ, որոնք ստացել են Raspberry Ripple անվանումը: Raspberry Ripple-ը «գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ» չէ, այլ խնձորի բնական տեսակ, որն աճում է սովորական մասնավոր այգում: Այն հայտնաբերել են ինը տարի առաջ: Այս ամբողջ ժամանակահատվածում այգեպաններն աշխատել են այս կատարելագործման վրա: Նրանք տնկել են 100 ծառ, որպեսզի ստանան ամբողջովին կարմիր խնձորներ: