«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս նոր բացահայտումներ կլինեն ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Մհերյանի սպանության գործով: Հնարավոր է` նոր անուններ ի հայտ գան, որոնց թվում խոսվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին:
Իսկ մինչ այդ «Հայացք»-ը գրել էր, որ այս ամռանը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել քաղաքացի Գրիգոր Իգիթյանը, որը որոշակի նախադրյալների եւ ցուցմունքների հիման վրա կասկածվում էր ու միգուցե հիմա էլ կասկածվում է Գեւորգ Մհերյանի սպանությունը կատարելու մեջ: Ազատության մեջ հայտնվելուց հետո Իգիթյանը պատմել է, որ Մհերյանի սպանությունից մոտ 2 ժամ հետո երկու ոստիկան իրենց տուն են գնացել եւ իրեն տարել ոստիկանություն` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի աշխատասենյակ: Ա. Սարգսյանը Գրիգորի եղբոր` Խորեն Իգիթյանի ներկայությամբ իրեն հարցրել է. «Ի՞նչ կխմես»…
Հիշեցնենք, որ 2009թ. փետրվարի 3-ին՝ 20:30-ի սահմաններում, Երեւանի Բարբյուսի փողոցի 65 շենքի 7-րդ հարկում` իր տան մուտքի մոտ, դիմահար կրակոցներից սպանվեց ՀՀ փոխոստիկանապետ 34-ամյա Գեւորգ Մհերյանը: Արձակված գնդակներից երեքը դիպել էին Մհերյանի գլխին, մեկը` մարմնին:
«Ժողովուրդ»-ն այս առիթով զրուցեց ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ:
-Պարո՛ն Սարգսյան, հիշո՞ւմ եք Ձեր հանդիպումը Գրիգոր Իգիթյանի հետ, ի՞նչ եք խոսել նրա հետ:
-Հիշում եմ տենց թեթեւ, որ Իգիթյան կար, շատ լավ հիշում եմ ու եղբորն էլ շատ լավ ճանաչում եմ: Հիշում եմ նաեւ, որ իրեն կանչել եմ իմ մոտ:
-Ինչի՞ համար եք հրավիրել Ձեր աշխատասենյակ:
-Բնականաբար, Մհերյանի գործով ես կասկածում էի իրեն, այդքան բան:
-Բայց ի՞նչ եք խոսել Ձեր նշած «կասկածյալի» հետ, Իգիթյանն ի՞նչ է ասել` ի՞նքն է եղել Գեւորգ Մհերյանին սպանողը:
-Այսինքն՝ «կասկածում էի», ես նկատի չունեմ, որ մենակ ես էի Իգիթյանին կասկածում, մեզ մոտ ինֆորմացիա կար, որ Մհերյանի եւ իր միջեւ լուրջ պրոբլեմներ կային: Ես էլ Իգիթյանին կանչել եմ իմ աշխատասենյակ եւ խոսել եմ նրա հետ:
-Ի վերջո, ի՞նչ եղան Ձեր «կասկածները», նա Ձեզ հետ զրույցում հաստատե՞ց այդ տեղեկությունները:
-Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ է եղել, արդեն ահագին ժամանակ է անցել, իսկ ես ահագին ժամանակ է՝ ոստիկանությունում չեմ: Ուրեմն աշխատում էին, ու այդ գործը շարունակվում էր: Ձեր հարցերը կարող եք ուղղել այդ գործով քննիչին:
-Իսկ ի՞նչ եք առաջարկել Իգիթյանին խմել Ձեր աշխատասենյակում:
-Ասել եմ` մի բան կխմեք, թե չէ՞: Կներեք, բայց ես դա չեմ հիշում, կարող է՝ նման բան է եղել, քանի որ Գրիգոր Իգիթյանի եղբայրը մեր աշխատակիցն էր՝ Խորեն Իգիթյանը, որին արդեն 100 տարի է՝ ճանաչում եմ: Բայց չեմ կարող ասել` նման բան ասել եմ, թե չէ: Արդեն չեմ հիշում այդ մանրուքները:
-Իգիթյանը նշում է նաեւ, որ Մհերյանի սպանության գործում մեծ «դերակատարություն» ունեն ոստիկանական բարձր պաշտոնյաները, ու նաեւ իրեն ստիպել են, որպեսզի ինքն իր վրա վերցնի Մհերյանի սպանությունը: Նշվում է նաեւ, որ շուտով նոր բացահայտումներ են սպասվում Մհերյանի սպանության գործով, որտեղ Ձեր անունը եւս «շոշափվելու» է:
-Էդ խոսողները գլխո՞վ են խոսում, թե՞ մարմնի մնացած մասերով: Ի՞նչ ունեի ես այդ մարդու հետ, հազար անգամ ես այդ մասին խոսել եմ, իմ տեղակալն էր Մհերյանը, որի հետ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել: Կարո՞ղ եք ասել, թե ես ինչ կապ ունեի Գեւորգի հետ: Դրանք ընդամենը անհեթեթություններ են, ու ես Ձեզ խնդրում եմ` զբաղվե՛ք Ձեր գործերով: Դրանք սխալ տեղեկություններ են, որոնք չգիտեմ՝ ովքեր են տարածում: Ես ուղղակի արհամարհում եմ նման խոսակցությունները, դրանք ինձ համար անգամ ծիծաղելի են:
-Որպես նախկին ոստիկանապետ՝ կասե՞ք, ըստ Ձեզ՝ ի՞նչն է պատճառը, որ չեն կարողանում բացահայտել, թե իրականում ով կամ ովքեր են սպանել Ձեր տեղակալին:
-Աստված տա՝ շուտ բացահայտվի, թե ով է սպանել Մհերյանին, որքան շուտ բացահայտվի սպանությունը, այդքան ես կշահեմ: Ի վերջո, Մհերյանն իմ տեղակալն է եղել: Նորմալ ու ջահել տղա էր, ո՞վ կուզենար՝ նման բան լիներ: Ես չեմ կարող ոչ մի բան ասել, ի՞նչ ասեմ, միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ շուտ բացահայտվի այս գործը: Այսքանը:
«Ո՞Վ ԿՈՒԶԵՆԱՐ՝ ՆՄԱՆ ԲԱՆ ԼԻՆԵՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ