ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՊՏԱԿԵՑ
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց է ուղղել Տավուշի մարզում «Խաչաղբյուր 1» եւ «Խաչաղբյուր 2» հէկ-ի կառուցման ժամանակ տեղ գտած բնապահպանական խախտումների մասին: Նա թվարկել է հայտնաբերված բոլոր խախտումները եւ պահանջել կանխել դրանք՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին: Ուշագրավն այն է, որ այս հէկ-ի սեփականատերը «Ժառանգություն» կուսակցության ցուցակով ԱԺ պատգամավոր դարձած ու բոլորովին վերջերս սկանդալային կերպով «Ժառանգության» հետ համագործակցությունը դադարեցրած Խաչիկ Քոքոբելյանն է: Ընդ որում, «Ժառանգության» հետ հակամարտության ժամանակ Քոքոբելյանը մի քանի անգամ ասել է, որ իր կարծիքով ճիշտ կլիներ` ԱԺ այս խմբակցությունը ղեկավարեր հենց իսկական «ժառանգական» Փոստանջյանը: Սակայն վերջինս իր հայտարարությամբ քաղաքական ապտակ հասցրեց Քոքոբելյանին:

ՈՐ ԼԻՆԻ` ԿԾԱԽԵՆ
ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, անդրադառնալով ԱԳՆ շենքի վաճառքին, «աչքալուսանք» է տվել. «Շենքը շուկայական արժեքից բարձր գնով է վաճառվել»: Նրա խոսքով` այդ շենքի վերանորոգման համար գնորդը գրեթե նույնքան էլ պետք է ներդնի, որպեսզի կարողանա շենքը պատշաճ տեսքի բերել եւ օգտագործել: Իսկ հարցին, թե արդյոք ԱԳՆ-ի շենքի ճակատագրին կարող է արժանանալ նաեւ պետական կոնսերվատորիայի շենքը, Ա. Սահակյանը պատասխանել է. «Այս պահին նման առաջարկ չունենք։ Ես չեմ վախենում եւ շատ պարզ պատասխանում եմ. եթե, օրինակի համար, տրանսպորտի նախարարության հետ կապված լինի գրավիչ առաջարկ պետության շահերի համար, ապա համոզվա՛ծ եղեք, որ այդպիսի հարցերը քննարկվելու են»։

ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞ ԶՈՀՎԵՑ
2008-ի մարտի 1-ին զոհված ոստիկանական զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը` Ռուզաննա Հարությունյանը, հանդիպում է խնդրում ՀՀ գործող ու նախկին նախագահներից` Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից ու Լեւոն Տեր-Պետրոսյանից: Նա նախագահներին ընդամենը մեկ հարց ունի` հանուն ինչի՞ զոհվեց իր որդին:  «Ազատություն» ռ/կ-ի տեղեկացմամբ` զինվորի 59-ամյա հիվանդ մայրը դժվարությամբ է տեղաշարժվում եւ ամուսնու մահից հետո միայնության է մատնվել: Նա կորցրել է հավատն ամեն ինչի նկատմամբ, չի ակնկալում որեւէ բացահայտում, չի հետեւում քաղաքական զարգացումներին, բայց ուզում է լսել, թե մարտի 1-ի իրադարձությունների հետ առնչվող երեք նախագահներն ինչպես են բացատրում իր որդու կորուստը:

ՀՈՏԱՎԵՏ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ
«Առավոտ»-ի դիտարկմամբ՝ որոշ պատգամավորների հաճախ ԱԺ-ում կարելի է հանդիպել ալկոհոլ օգտագործված: Այդ կապակցությամբ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին ուղղված հարցին, թե պատգամավորների դեպքում արդյոք կա ալկոհոլի օգտագործման սահմանափակում, վերջինս պատասխանել է. «Չեմ կարծում՝ նման իրավիճակ կա, որ խմածության հոտ պետք է գա, բայց բազմաթիվ հոտեր կարող են գալ: Դուք ա՛յդ հոտերից խոսեք, թե չէ ալկոհոլը… Ալկոհոլ օգտագործում ենք, երբ հյուրեր ենք ունենում, այդպես սիմվոլիկ խմում ենք»:

ԲԱ ՄԻՆՉ ԱՅԴ Ո՞ՒՐ ԷՐ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, թե հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը ԼՂՀ էր մեկնել դեռ հոկտեմբերի 22-ին:




Լրահոս