Ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ է և ունի նվիրական նշանակություն. Տարոն Մարգարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա առթիվ.

«Սիրելի հայրենակիցներ,

ամբողջ աշխարհն այսօր նշում է Ընտանիքի միջազգային օրը:

Հայերիս համար այս օրն առանձնակի իմաստ ու խորհուրդ ունի, քանի որ ընտանիքը, օջախը մեզ համար սուրբ է և ունի նվիրական նշանակություն: Դարեր շարունակ հայ ընտանիքի, օջախի շնորհիվ  են պահպանվել մեր ազգային շատ արժեքներ և ավանդույթներ ու, վստահաբար, հենց ընտանիքն է մեր ազգի գոյատևման, մեր հաղթանակների ու հարատևման գրավականը:

Հենց ընտանիքում է ձևավորվում մարդը որպես քաղաքացի: Ընտանիքը սիրո, հարգանքի և հասարակական համերաշխության աղբյուր է, ու այդ սկզբունքների վրա է հիմնվում յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակություն: Եվ գաղտնիք չէ, որ կայուն ընտանիքը ցանկացած պետության զարգացման կարևոր գործոններից մեկն է ու երաշխիքը, Հայաստանի համար՝ առավել ևս: Ու հատկապես հենց այս տեսանկյունից, համոզված եմ, որ ինչպես ինձ համար, այնպես էլ յուրաքանչյուր հայի համար մշտապես անընդունելի կլինի ցանկացած օտարածին երևույթ, որը խորթ է ավանդապահ հայ օջախին:

Շնորհավորելով Ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ բոլոր հայ ընտանիքներին մաղթում եմ սիրով ու հարգանքով, մանկան քրքիջով լեցուն երկար տարիների խաղաղ և երջանիկ կյանք, ու թո՛ղ, որ հայ օջախներից անպակաս լինի ուրախությունը»:




Լրահոս