ԱՂԲԱԿՈՒՅՏԵՐԸ ՔՉԱՑԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ երկու ամիս Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հարակից տարածքը «զարդարված էր» շինարարական աղբով: Խնդրի մասին «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգել էր հոկտեմբերի 10-ի համարում: Չնայած բնակիչների բազմաթիվ բողոքներին ու մեր անդրադարձին՝ տվյալ տարածքում շինարարական աղբը շարունակում էր մնալ` էլ ավելի շատանալով ու մեծ տարածք ընդգրկելով: Այդ խնդրով երկու օր առաջ կրկին դիմեցինք քաղաքապետարան: Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը խոստացավ, որ ինքը տեղյակ կպահի քաղաքապետարանի համապատասխան բաժնին, եւ տարածքը կմաքրվի աղբից: Խոստումն ի կատար ածվեց ընդամենը մեկ օր հետո, եւ եկեղեցին այսօր արդեն ազատվել է աղբակույտի հարեւանությունից:
Նման իրավիճակ ստեղծվել էր նաեւ Գյումրու մեկ այլ՝ Երկաթգծի Նորավան կոչվող թաղամասում, որտեղ եւս տեւական ժամանակ չէր մաքրվել շինարարական աղբն ու վերածվել բավական մեծ կույտի՝ ստեղծելով հակասանիտարական վիճակ: Տարածքում տիրող իրավիճակի մասին նույնպես տեղյակ էինք պահել քաղաքապետարանին, եւ այս դեպքում եւս  արձագանքը չէր ուշացել:
Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր լիազորությունները ստանձնելու հենց առաջին օրը, աղբահանությունն առանձնացնելով որպես քաղաքի կարեւորագույն խնդիրներից մեկը, խոստացել էր կանոնակարգել այն՝ գործընթացը կազմակերպելով աղբահավաք նոր մեքենաներով: Այնուամենայնիվ, քաղաքի կենտրոնական եւ հատկապես երկրորդական փողոցներում աղբի պակաս առայժմ չի նկատվում:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս