«ՍԻՐՈՒՆ ՋԱՆԸ» ՎԱ՞Տ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Ներքին Պտղնի համայնքի 75-ամյա բնակիչ Հայկարամ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի լրագրողին հանդիպել է ՀՀ առողջապահության նախարարության մուտքի մոտ եւ տեղեկացրել, որ արդեն երկար ժամանակ է՝ ինքը փորձում է հանդիպել նախարարին, սակայն իրեն նման հնարավորություն չեն տալիս:
«Երկրորդ կարգի հաշմանդամ եմ, սիրտս, աչքս վիրահատված է, գրիժաս էլ: Պետության կողմից համ թոշակ եմ ստանում, համ էլ ձրի դեղեր: Բայց դե մեր գյուղի բժշկուհին ալարում ա գա տեղը նստի, որ մենք էլ գնանք ամբուլատորիցը դեղը վեկալենք: Էժան դեղ են ինձ տալիս, թանկ էլ չի, ես կարամ առնեմ, բայց ինչի՞: Պետությունը գտել ա, որ ես արժանի եմ դեղ ստանալու, ես էլ պահանջում եմ»,-արդեն «Ժողովուրդ»-ի խմբագրությունում պատմում է Հովհաննիսյանը: Նա կարծիք է հայտնում, որ գյուղի ընտանեկան բժշկուհի Սուսաննա Կիրակոսյանը դժվարանում է իր պարտականությունները լիարժեք կատարել, քանի որ ե՛ւ տարիքով մեծ է, ե՛ւ գյուղ հասնելու համար տրանսպորտային խնդիրներ ունի:
«Ամեն օր պոլիկլինիկայի բուժքույրն ասում է, թե բժշկուհին ժամը երկուսին կգա: Գալիս եմ՝ չկա, սպասում եմ՝ չկա: Ճարս կտրում է, վեր եմ կենում հասնում Աբովյան քաղաք՝ 500 դրամ ծախսելով, առաջին ապտեկիցը ստանում իմ 300-դրամանոց դեղը, վերադառնում: Ինքն էլ ամեն օր Աբովյանից հասնում է Ն. Պտղնի, բայց դե ուղիղ տրանսպորտի գիծ չկա, չերեզներով է գալիս, դրա համար էլ շատ ժամանակ չի գալիս: Սաղ գյուղը բողոքավոր է»,-ասում է Հայկարամ պապը եւ որպես հավաստիք ՝ցույց տալիս շուրջ 10 մարդու կողմից ստորագրված բողոքագիրը:
«Ոչ մեկից չի վախենում, մի օր շատ ջղայնացա, ասեցի՝ բողոքելու եմ: Ասեց՝ ում ուզում ես բողոքի, քեզնից վախեցող չկա, ասացի` ես էլ մարզպետին եմ բողոքելու: Հետ դարձավ գիտեք ի՞նչ ասավ: Ասավ՝ մարզպետը իմ մոտիկն է: Ասե՛ք՝ դա ինչ է նշանակում, մարզպետն էլ հովանավորո՞ւմ է: Հետո ինչ-որ ինքը միլիոնատեր ա, իրա տղան էլ մարզպետարանում է աշխատում, խանութներին է նայում»,-վրդովված ասում է Հովհաննիսյանը` զարմանալով բժշկուհու «հանդգնությունից»:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ն. Պտղնի համայնքի բուժկետի ընտանեկան բժշկուհի Սուսաննա Կիրակոսյանն իրավիճակն այսպես մեկնաբանեց. «Իմ տղան ի՞նչ կապ ունի այս ամենի հետ, նա ոչ մի կապ չունի մարզպետարանի հետ: Այդ մարդն անկառավարելի է: Իր ընտանիքն էլ դեմ է նրա դրսեւորումներին: Նա զրպարտում է ինձ: Բոլորը տեղեկացված են, որ ես վերապատրաստման դասերի եմ մասնակցում եւ ամեն օր 2 անց 30 ներկայանում եմ աշխատավայր: Իսկ այդ հիվանդն իրեն անհարգալից է պահում, պահանջում է իր նախընտրած ժամին դեղատոմս գրել, ինձ դիմում է «սիրուն ջան» արտահայտությամբ: Ինչի՞, ինքն ո՞վ է, որ ինձ հրահանգներ տա: Ես արդեն 42 տարի է՝ աշխատում եմ, ոչ ոք ինձնից երբեք չի բողոքել: Այդ մարդու հերյուրանքներն էլ ինձ չեն վիրավորում, դա շիզոֆրենիկի պահվածք է, եւ, ընդհանրապես, ինքը չէ, որ պիտի ինձ բնութագրի: Դուք հարցրե՛ք համայնքին ու համայնքապետին»:
Խնդրի կապակցությամբ դիմեցինք նաեւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանին: «Ասեմ, որ ես ոչ մեկին էլ չեմ հովանավորում: Իմ ենթակայության տակ գտնվող յուրաքանչյուր կառույցի յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է իր աշխատանքը պատվով կատարել: Խոստանում եմ երկուշաբթի օրը ուսումնասիրել այս վիճակն ու համապատասխան քայլեր ձեռնարկել»,-վստահեցրեց մարզպետը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս