ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ մայիսի 19-ին Կարեն Ճշմարիտյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբերիտիային:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:
Ողջունելով նորանշանակ դեսպանին` ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հակիրճ ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրը` ընդգծելով երկրի առավելությունները: Նա նաև նշել է, որ Հայաստանն ունի ինովացիոն մեծ պոտենցիալ և մարդկային մեծ ներուժ, Հայաստանում արդեն գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ` բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ու մշակող արդյունաբերության և ոսկերչության, ադամանդագործության ու ժամագործության ուղղվածությամբ:
Նշելով, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժ` նախարարը պատրաստակամությունն է հայտնել խորացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը:
ՀՀ-ում Արգենտինայի նորանշանակ դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբերիտիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շեշտել, որ երկու երկրների միջև առկա են լավ հարաբերություններ, ինչպես կառավարությունների, այնպես էլ ժողովուրդների մակարդակով և հույս հայտնել, որ առկա հարաբերությունները զարգացման առավել դինամիկ աճ կարձանագրեն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արգենտինայի միջև տնտեսական համագործակցության նոր հնարավորությունները:
Անդրադարձ է եղել հայ-արգենտինական ներդրումային ծրագրերի իրականացման խնդրին: Կողմերը համակարծիք են եղել, որ դրա համար երկու երկրներում էլ առկա է երկկողմ հետաքրքրվածություն և մեծ ներուժ: Որպես հաջողված օրինակ առանձնացվել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի մեծ ավանդը, որի կատարած խոշոր ներդրումների շնորհիվ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանը ճանաչվել է ԱՊՀ լավագույն օդանավակայանը:
Երկուստեք կարևորվել է տեղեկատվության փոխանակման և ճանաչողական այցերի կազմակերպման հարցը: Որպես համագործակցության ուղղություններ առանձնացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը, տեղեկատվական տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը:
Մասնավորապես առաջարկվել է քննարկել զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները և փորձի փոխանակման նպատակով նախաձեռնել ճանաչողական այցեր զբոսաշրջային ընկերությունների համար:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաև Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության, Հայաստան-ԵՄ համագործակցության նոր հնարավորությունների հետ կապված հարցեր: