Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` սպանության մեջ մեղադրվող եղբորորդին` Վահե Ղուկասյանը, տեղաբաշխման հանձնաժողովի որոշմամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Արթիկ» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Armlur.am-ը հայտնել էր, որ 17 տարվա ազատազրկման դատապարտված 26-ամյա Վահե Ղուկասյանին հարազատներն ամեն կերպ փորձում են տեղափոխել հայրենի Արթիկ, որպեսզի «ազատ» լինի և իրենց ավելի մոտ: Հայտնել էինք նաև, որ ՔԿ հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը դեմ է եղել այս տեղափոխությանը, սակայն եղավ այն, ինչը կանխատեսելի և անխուսափելի էր:
Armlur.am-ի հետ զրույցում Վահե Ղուկասյանի հորեղբայրը` Գևորգ Ղուկասյանը, հայտնեց, որ դեռևս Վահեին չեն տեսել, և մոտ օրերս, երբ կլինի տեսակցությունների համար նշանակված օր, կգան ՔԿՀ. «Երիտասարդ տղա է, փակ տարածքում: Արդեն պա՞րզ է, չէ՞, ինչ վիճակում պետք է լինի: Կգնամ, նրան կտեսնեմ, խրատներ կտամ: Կիմանամ` ինչպես է»:
Ինչ վերաբերում է Վահեի առողջական վիճակին, Գևորգ Ղուկասյանը հայտնեց, որ նա փակ ռեժիմում մնալու հետևանքով լյարդի հետ կապված խնդիրներ ունի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Արթիկ» ՔԿՀ պետը դեմ է Վահե Ղուկասյանի տեղափոխությանը, քանի որ դեռևս նախորդ տարի, երբ Վահե Ղուկասյանը կալանավորված էր, միջադեպ էր տեղի ունեցել «Արթիկ» ՔԿՀ-ում: ՔԿՀ պետ Գևորգ Մկրտչյանն արգելել էր, որ շատ մարդիկ այցելեն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն:
Շրջանառվող լուրերի համաձայն` ՔԿՀ պետն այս քայլին գնացել է` հաշվի առնելով Ղուկասյանների ընտանիքի անդամների շուրջ աղմկալի իրադարձությունները: «Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ հայտնել է, որ ՔԿՀ-ի պետ Գևորգ Մկրտչյանը Վահեին ասել է. «Եթե քեզ մոտ գան քո գողական ընկերները, ապա դա վատ կլինի քեզ համար և քեզ կտեղափոխեմ պատժախուց: Այնպես որ, պետք է կարգուկանոն լինի այստեղ»:
Այս խոսակցությունից հետո Վահե Ղուկասյանին այցելության է գնում միայն նրա եղբայրը: Հիշեցնենք, որ 2013թ. ապրիլի 23-ին՝ ժամը 13-ի սահմաններում, Գյումրիում կրակոցներ էին հնչել: Հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութ), ով ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր երեխաների կնքահայրն է, իսկ Շեկո մականունով Արտյոմ Կարապետյանը հիվանդանոցում մահացել էր: Վահե Ղուկասյանը Գյումրիի առաջին ատյանի դատարանի դատավճռով դատապարտվել է 17 տարվա ազատազրկման: Ի դեպ, Վարդան Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել էր. «17 տարին ի՞նչ է: Թող ցմահ տային: Հա, ավելի լավ կլիներ, որ ցմահ տային»: