Ավարտին է մոտենում ԼՂՀ-ում ընթացող «Առողջ ապրելակերպ 2015» եռօրյա առողջապահական ծրագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտենում է ավարտին մայիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկած «Առողջ ապրելակերպ 2015» ծրագիրը, որը կազմակերպվել է Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Երևանի պետական բժշկական համալսարանի ՈՒսանողական խորհրդարանի համատեղ նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է երեխաների և դեռահասների շրջանում բարձրացնել առողջ ապրելակերպի վերաբերյալ տեղեկատվության մակարդակը, դպրոցի ուսուցիչներին իրազեկել առաջին բուժօգնության առաջնային դրույթների մասին, կատարել երեխաների բուժզննում և կարիեսի պրոֆիլակտիկա:

Ծրագրի նախապատրաստական փուլում վերջինիս շարունակականության համար ստեղծվել է ինտերնետային կայքէջ, որտեղ տեղակայված են թեմատիկ կիրառական նյութեր ու համապատասխան տեսանյութեր, և այն պարբերաբար թարմացվելու է: Նաև տպագրվել են  2 տեսակի պոստերներ, որոնցից մեկը` առաջին  օգնություն ցուցաբերելու ձևերը պատկերողը, նախատեսված է ուսուցիչների համար, իսկ անձնական հիգիենայի պահպանման ճիշտ ձևերն ու անհրաժեշտությունը ներկայացնողը նախատեսված է աշակերտների համար:

Ծրագրի առաջին 2 օրերի ընթացքում այցեր իրականացվեցին Ասկերանի և Մարտակերտի մի շարք դպրոցներ և Ստեփանակերտի <<Զանգակ>> մանկատուն, որոնց ընթացքում երեխաների հետ  առանձին խմբերով աշխատեց համապատասխան անձնակազմ, ընթերցվեցին փոքրիկ դասախոսություններ, ցուցադրվեցին պատկերավոր և կիրառական նյութեր, իսկ ուսուցիչների համար մանեկենների օգնությամբ անցկացվեցին պրակտիկ պարապմունքներ:

Ծրագրի շրջանակում ի սկզբանե նախատեսված են եղել դասախոսություններ հետևյալ թեմաներով` առաջին օգնություն, անձնական հիգիենա, վնասվածքներ և գադջեթների կիրառում:

Ծրագրի 3-րդ օրը նախատեսում է այցեր Ստեփանակերտի թիվ 1 և 7 դպրոցներ և դասընթացների անցկացում:

Հավելենք, որ յուրաքանչյուր դասընթացի ավարտին դպրոցներին նվիրաբերվել են առաջին բուժօգնության պայուսակներ, բուկլետներ և պոստերներ` ծրագրի երկարաժամկետ օգտավետության համար:

Ծրագրի իրականացումն ակնկալում է  աշակերտների ինքնագիտակցության բարձրացում, հապապատասխան գիտելիքների հաղորդում, ուսուցչական և դաստիարակչական անձնակազմերին առաջին բուժօգնության հմտությունների  փոխանցում և դպրոցներում միջադեպերի հնարավոր բացասական հետևանքներից զերծ մնալու պատրաստվածության  համապատասխան մակարդակի ապահովում:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս