“Վրաստանի Փոթի նավահանգստում անցած շաբաթվա վերջին սկսված գործադուլը շարունակվում է: Սա ուղղակի ազդեցություն ունի Հայաստանի վրա, քանի որ այդ նավահանգստով է մեր երկիր հասնում ներկրվող ապրանքների մի զգալի մասը:
Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը “Հայկական ժամանակ”-ի թղթակցին երեկ հայտնել է, որ ներկայումս հայկական կողմը փորձում է բեռները վերահասցեավորել Բաթումի նավահանգիստ և այնտեղ բեռնաթափել: Սակայն, այդ դեպքում բեռների տեղափոխումը նավահանգստից Երևան՝ կթանկանա մոտ 30 տոկոսով: Օրինակ, եթե մեկ կոնտեյները Փոթիից Երևան էր բերվում մոտ 700 դոլարով, ապա Բաթումից Երևան տեղափոխման գինը կկազմի 1100 դոլար: “Մենք արդեն առաջարկել ենք գործարարներին, որ նրանք համաձայնություն տան իրենց բեռները բեռնաթափել Բաթումում”,- ասել է պարոն Ղազարյանը: Վերջինս “ՀԺ” թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ այդ գործադուլը դեռ չի ազդել Հայաստան մատակարարվող առաջին անհրաժեշտության ապրանքների տեղափոխման վրա՝ ցորեն, վառելիք և այլն: Ղազարյանը նաև զգուշավոր կանխատեսում է արել, որ գործադուլը երկար չի տևի: