ԻՆՉՈՒՄ ԵՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ ՂՌԵՐԻ ԱՎՈՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն Ավետիս Գրիգորյանը, որը առավել հայտնի է Ղռերի Ավո անվանմամբ, ինչպես նաեւ՝ նրա որդին կասկածվում են պարտքի պատճառով մարդ առեւանգելու մեջ: Ի դեպ, Ավետիս Գրիգորյանը եղել է «Զորավար Անդրանիկ» ջոկատի հրամանատարը:

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակություն Ղռերի Ավոյին եւ նրա որդուն: Ըստ լուրերի` վերջիններիս ձերբակալել են անձի առեւանգման եւ ապօրինի ազատությունից զրկելու մեղադրանքով: Սակայն ավելի ուշ նրանց ազատ են արձակել: Բանն այն է, որ նախաքննական մարմինը` ՀՀ քննչական կոմիտեն, դիմել է Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` հոր եւ որդու նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանքը կիրառելու միջնորդությամբ, սակայն դատարանը մերժել է միջնորդությունը եւ 3 մլն դրամ գրավի դիմաց Ղռերի Ավոյին ու նրա որդուն ազատ է արձակել:
«Ժողովուրդ»-ին այս պատմության հետ որոշ մանրամասներ հայտնի դարձան: Ըստ այդ տեղեկությունների՝ ինչ-որ անձինք Ավետիս Գրիգորյանին գումար են պարտք եղել եւ ուշացրել են: Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ պարտքը չեն վերադարձնում, որոշել է հանդիպել պարտապանի հետ: Սակայն այն անձը, ում հետ հանդիպել է Գրիգորյանը, այդ գումարային պատմության հետ կապ չի ունեցել, այլ հանդես է եկել որպես միջնորդ:
Սակայն զրույցը լարված ընթացք է ստացել, եւ Ավետիս Գրիգորյանը՝ տեսնելով, որ չի հաջողվում համաձայնության գալ, ըստ լուրերի՝ որոշել է առեւանգել միջնորդին: Ըստ նույն լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել Երեւանի «Հայբուսակ» համալսարանի հարեւանությամբ: Ավետիս Գրիգորյանն իր որդու հետ նշված տարածքից բանագնացին առեւանգել եւ տարել են անհայտ վայր, մի քանի օր պահել, ծեծի ենթարկել, սակայն տեսնելով, որ միեւնույն է՝ այդ ճանապարհով չի ստացվում իրենց գումարը ետ ստանալ, նրան բաց են թողել: Ըստ նույն լուրերի՝ միջնորդին ազատ են արձակել` պարտքի դիմաց վերցնելով նրա ավտոմեքենան:
«Ժողովուրդ»-ը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով այցելեց Ավետիս Գրիգորյանի տուն: Սակայն, տանը միայն նրա կինն էր, որը, ի դեպ, չցանկացավ հայտնել իր անունը: Իսկ ամուսնու բացակայության վերաբերյալ ասաց. «Մեր բարեկամներից մեկի հետ խնդիր է առաջացել, եւ ամուսինս քաղաքից դուրս է եկել, իսկ որդիս էլ այս գործերով (քրեական գործը նկատի ունի,- խմբ.) է ընկած»:
Հարցին, թե ասում են, որ իր որդին եւ ամուսինը մարդ են առեւանգել, վերջինս պատասխանեց. «Նման բան չկա, նրանք ոչ մեկի էլ չեն առեւանգել, եւ այս աղմուկը ինչպես որ բարձրացվել է, այնպես էլ կմարի, կգնա, ես այլ հարցերի չեմ կարող պատասխանել, բայց վստահեցնում եմ, որ ոչ մեկի էլ չեն առեւանգել»:

Ղռերի Ավոյի մասին
Ավետիս Գրիգորյանի անունը Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետ կապված շրջանառվել է: Գրիգորյանը դեռեւս 1999 թվականի ԱԺ ընտրություններում պատգամավորի թեկնածու է առաջադրվել, իսկ Դերենիկ Բեջանյանը` Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարած խմբի անդամներից, եղել է նրա վստահված անձը: Հոկտեմբերի 27-ի դեպքերի ժամանակ, երբ Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը դեռեւս ԱԺ նիստերի դահլիճում են եղել, Դերենիկ Բեջանյանը զանգահարել է հենց այն խորտկարանը, որտեղ այդ պահին գտնվելիս է եղել Ավետիս Գրիգորյանը: Այն փաստը, որ Բեջանյանը նախապես իմացել է, թե այդ պահին որտեղ է լինելու Ավետիս Գրիգորյանը, բազմաթիվ կասկածների եւ քննարկումների տեղիք է դարձել: Ավելին՝ երբ Նաիրի Հունանյանի հանձնարարությամբ Դերենիկ Բեջանյանը զանգահարել է, նրան այն կողմից պատասխանել է ոչ թե խորտկարանի աշխատակիցը, այլ նրա վաղեմի ծանոթներից մեկը: Հենց այս հանգամանքն է եղել պատճառը, որ դեռեւս այն ժամանակ Հոկտեմբերի 27-ի գործը քննող իրավապահները լուրջ կասկածներ են ունեցել, որ Ավետիս Գրիգորյանը եւ նրա հետ այդ օրը խորտկարանում եղած մարդիկ առնվազն նախապես տեղեկացված են եղել, թե Նաիրի Հունանյանը եւ նրա հանցախումբը ինչ են պատրաստվում անել:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ
ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններից մեկը ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայության կողմից տուգանվել է: Մասնավորապես, խոսքը «Երեւանի քիմիադեղագործական ֆիրման» ԲԲԸ-ի մասին է, որը պատկանում է ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Դեռեւս 2014 թվականի ապրիլի 3-ին այս ընկերության անունով հայտարարագրվել է դեղանյութ` անալգին, որի վերամշակումից ստացած թափոնը ընկերության տնօրեն Սիրազ Մաթեւոսյանը պարտավոր էր նույնպես ձեւակերպել, ինչը, սակայն, չեն արել: Արդյունքում, մաքսային ծառայությունը որոշել է նշված ընկերությանը վարչական տույժի ենթարկել` 50 հազար դրամի չափով:

 

ՎԵՃՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս տարվա մայիսի 10-ին Արցախի փողոցում տեղի է ունեցել դանակահարություն: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ ինչ-որ վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո կտրող-ծակող առարկայից պատճառված վնասվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 1991 թվականի ծնված մի երիտասարդ: Իսկ ավելի ուշ պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին դանակահարել է 26-ամյա մի երիտասարդ` Վահան անունով: Թե ինչն է եղել վիճաբանության պատճառը, որն, ի վերջո, դանակահարությամբ է ավարտվել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել: Ի դեպ, Վահանին ստորագրությամբ ազատ են արձակել:

 

ԱՍԵԼ Է, ՈՐ ՉԻ ԱՍԻ
Երեկ Աժ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է գտնվում Մարտի 1-ի քրեական գործը: «Խոստացաք, որ սայլը տեղից կշարժվի: Մեր հանդիպումից 6 ամիս է անցել, ի՞նչ վիճակում է գործը»,- հարցրեց Մանուկյանը: Իսկ Գեւորգ Կոստանյանը, որը ԱԺ էր գնացել՝ ՀՀ գլխավոր դատախազության 2014 թվականի գործունեության հաղորդումը ներկայացնելու համար պատասխանել է. «Ես ասացի, որ խոստանում եմ եւ ամեն ինչ կանեմ, որպեսզի սայլը տեղից շարժվի: Միաժամանակ ասացի, որ սայլի շարժումը կարող է ձեզ համար տեսանելի չլինել: Կարող է տեսանելի չլինել հասարակությանը միայն այն իմաստով, որ այսօր քննության շահերից ելնելով՝ մենք կարիք եւ անհրաժեշտություն չենք տեսնում այդ մասին խոսելու: Շատ ժամանակ քրեական գործով ավել-պակաս տրված տեղեկատվությունը քրգործի շահերից չի բխում: Այս պահին նպատակահարմար չենք գտնում ասելու, թե այդ պահից Մարտի 1-ի քրգործում ինչ է փոխվել, նպատակահարմար չի»: Այլ կերպ՝ Կոստանյանը երկար-բարակ ասել է, որ ասելու բան չունի:

 
ԼԱՎ ԸՆԿԵՐՈՋ «ՔԱՇՎԱԾԸ»
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ այցելել է Գյումրի եւ հանդիպել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պաշտոնանկ արված պետ Վարդան Նադարյանի հետ: Վ. Գասպարյանը հայտարարել է, որ վտանգածին մոտեցում է ասելը, թե Գյումրիում պետք է գյումրեցին պաշտոնավարի. «Իմ այցի մեջ կլինի այն սկզբունքը, որ ես երբեք չեմ ընդունում՝ ոստիկանությունում պետք է միայն գյումրեցիներ աշխատեն, որովհետեւ Գյումրու սովորությունները… Դա տխմարություն է, դա լավ երեւույթ չէ: Պետք է խոսեմ այն մասին, որ տեղայնությունը ինձ արդեն զզվեցնում է: Շատ շատերը երազում են, որ մենակ գյումրեցիները Գյումրիում աշխատեն, որպեսզի թաքցնեն, թաքցնեն ու թաքցնեն… Թաքցրել եք տարիներ շարունակ, որ էս դրության մեջ եք հայտնվել»: Անդրադառնալով Վարդան Նադարյանի պաշտոնանկության պատճառներին՝ ոստիկանապետը ասել է. «Իմ ընկերն է, դրա համար ազատեցի, համակարգից նույնպես ազատված է, որովհետեւ իմ ընկերն է, իսկ իմ ընկերն իրավունքներ չունի, միայն պարտականություններ ունի»:

 

ԹԱՐՍ ԿԱՅԾԱԿ
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում իրավիճակը գնալով թեժանում է: Երեկ իրավապահները ապօրինի թմրանյութ օգտագործելու կասկածանքով ցուցադրաբար բերման են ենթարկել Աբովյանի քաղաքապետի անկուսակցական թեկնածու Արթուր Հարությունյանի եղբորն ու նրա երկու աշխատակիցներին: Բացի այդ՝ երեկ դադարեցվել է նաեւ Պալաչին պատկանող հեռուստաընկերության կաբելային հեռարձակումը: Ինչպես երեւում է՝ Սերժ Սարգսյանը հրահանգել է խստագույնս պատժել Պալաչին՝ թեկնածությունը չհանելու եւ իրեն չենթարկվելու համար: Եւ ահա հատուկ այդ առիթով երեկ «կայծակը» խփել եւ վնասել է «Աբովյան» հեռուստաընկերության կաբելային հեռարձակման սարքը: Նկատենք, որ հեռարձակում ապահովող ընկերության ղեկավարը Ծառուկյանի բարեկամն է եւ, բնականաբար, շահագրգռված է, որ կայծակը ավերածություններ գործի այս դեպքում:

 

ՃՈ-Ն ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է
Այս տարի վերջին զանգի միջոցառումները տեղի կունենան մայիսի 22-ին: ՃՈ ծառայողները, համայնքային ոստիկանները եւ անչափահասների գործերով տեսուչներն արդեն մի քանի օր է` այցելում են ավագ դպրոցներ: Երեկ ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը խորհուրդ է տվել ծնողներին թույլ չտալ երեխաներին ղեկին նստել, իսկ եթե դա ամեն դեպքում տեղի ունենա, ապա առաջին իսկ ոստիկանին հանդիպելու դեպքում կկիրառվեն խիստ միջոցներ: «Կոնկրետ «Վերջին զանգ»-ի օրը մենք մեր հիմնական ուժերը կենտրոնացնելու ենք ավագ դպրոցների մոտ, որպեսզի բացառենք խախտումները»: ՃՈ գնդապետը հայտնել է նաեւ, որ վարորդական իրավունք չունեցող երեխայի համար նախատեսված տուգանքը 20 հազար դրամ է, իսկ երեխային մեքենան վստահող ծնողին՝ 10 հազար դրամ: Այ քեզ անտրամաբանական «կարգապահություն»:




Լրահոս