ՈՒԺԵ՛Ղ ԵՂԻՐ, ԹՈՂ ՈՉ ՈՔ ՔԵԶ ՎՐԱ ՉՀԱՐՁԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում զինյալ ընդդիմադիրները կանգնեցրել էին Հալեպից Բեյրութ ուղեւորվող քաղաքացիական ավտոբուսը եւ առեւանգել 10 մարդու: Ըստ «Երկիր Մեդիա»-ի՝ առեւանգվածներից 7-ը հայեր էին, իսկ մյուս երեքը` քրիստոնյա արաբներ: Նրանք նախ իջեցրել էին բոլոր ուղեւորներին, այնուհետեւ կանանց ազատ արձակել: Ականատեսների տվյալներով՝ սեւազգեստ եւ զինված ապստամբները տղամարդկանց ծնկի էին բերել եւ հարվածել, ապա տարել իրենց հետ: Ապստամբները գերիների ազատ արձակման դիմաց պահանջում էին հետ հանձնել իրենց ձերբակալված 150 զինակիցներին: Նրանք սպառնացել էին՝ եթե երեք օրվա ընթացքում վերջիններն ազատություն չստանան, ապա կսպանեն առեւանգված 10 ուղեւորին: Նշենք, որ պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ հայեր են սպանվել:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով՝ այն, ինչ կատարվում է Սիրիայում, ցեղասպանությո՞ւն է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Հակամարտության ընթացքում հնարավոր չէ խուսափել զոհերից, կորուստներից, բայց չի կարելի ասել, թե մեր հայրենակիցները զինյալների կիզակետում են կամ հատուկ թիրախավորված են: Ավելին, մերոնք ուղղակիորեն ներգրավված չեն այդ հակամարտության մեջ, պարզապես հնարավոր չի լինում խուսափել զոհերից: Իսկ այն ամենը, ինչ կատարվում է Սիրիայի շուրջ, չեմ համարում ցեղասպանություն:

ԱՐԹՈՒՐ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան

ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, իհարկե ցեղասպանություն չէ: Այդ բառը շատ ենք օգտագործում եւ դրանով թեթեւացնում նրա ծանրությունը: Սիրիայի շուրջ ռազմա-քաղաքական զարգացումները, ցավոք, ստիպված եմ այս բառն օգտագործել, ԱՄՆ-ի ազդեցության ոլորտի ուժեղացման պրիմիտիվ քայլ է` միաժամանակ խփելով Ռուսաստանին եւ Իրանին: Իրավիճակն էլ իր համար շատ շահեկանորեն օգտագործում է Թուրքիան: Իհարկե, Թուրքիան ցեղասպանածին երկիր է, բայց այս դեպքը ցեղասպանություն չէ, այլ ԱՄՆ-ի շահերին Թուրքիայի նեոօսմանական ծրագրի մաս:

ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆ
ազգագրագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. Պատերազմում ամեն ինչ պատահում է, եւ պատերազմը կարծես թե կրոնական բնույթ ունի, հետեւաբար ամեն ինչ հնարավոր է: Բայց այս դեպքերը ցեղասպանություն չէի որակի: Ավելի լավ կլիներ, եթե մենք ժամանակին հոգայինք մեր հայրենակիցների մասին, ժամանակին կարողանայինք էվակուացնել նրանց բոլորին հայրենիքում, շրջապատեինք նրանց հոգատարությամբ, որ նրանք վերադառնային իրենց բնօրրանը, այլ ոչ թե հիմա նման որակումներ տայինք: Այն, ինչ աշխարհում մեր դեմ է աշխատում, մենք միշտ փորձում ենք լացակումած ձեւով արձագանքել փոխանակ ուժեղ դիրքերից հանդես գալուն: Միշտ պետք է լինել հաղթողի դերում, այլ ոչ թե պարտվողի ու լաց լինողի: Ուժե՛ղ եղիր, թող ոչ ոք քեզ վրա չհարձակվի:

ԶՈՅԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀԱԿ անդամ
 Պատրաստեց Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս