Նոյեմբերի 7-ին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղական համայնքում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: 85-ամյա Խաչիկ Ինանցը խոհանոցային դանակով հարվածել է որդուն` 30-ամյա Գրիգոր Ինանցին` նրան հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ: Իսկ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղական համայնքի 60-ամյա բնակիչ Հովհաննես Վարդանյանը փորձել է ինքնահրկիզվել:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 15:30-ին, 30-ամյա Գրիգոր Ինանցը դիմել է հիվանդանոց, որտեղից ոստիկանության Նաիրիի բաժնին հաղորդել են կատարվածի մասին: Բայց քանի որ կրծքավանդակի հատվածում ծակծկված վերքեր է ունեցել, Գրիգորն ի վիճակի չի եղել բացատրություն տալ:
Ոստիկաններն իրենց տեղեկատվական աղբյուրների շնորհիվ կարողացել են 3 ժամ անց Գետամեջից բերման ենթարկել 85-ամյա Խաչիկ Ինանցին: Հայրը խոստովանել է, որ ժամը 15:00-ի սահմաններում տանը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է որդուն: Թե ինչու, ոստիկանության պաշտոնական աղբյուրները չեն հայտնում: Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:
Տեղի ունեցած միջադեպի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գետամեջի ղեկավար Ավետիս Մուրադյանի հետ: «Ինչ-որ ընտանեկան, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է եղել եւ այն էլ ահագին երկար ժամանակ: Երեւի իրար չեն հասկացել, անկեղծ` տեղյակ չեմ այլ մանրամասների: Գիտեք, զարմանալին այն է, որ 85-ամյա Խաչիկ Ինանցը Հայաստանի վաստակավոր ուսուցիչ է ճանաչվել, իսկ իր բոլոր տղաները ավարտած եւ հիանալի բժիշկներ են»,-ներկայացրեց գյուղապետը` պարզաբանելով, որ դանակահարված Գրիգորը Խաչիկի երկրորդ կնոջ տղան է եւ ընտանիքի ամենափոքրը: Գյուղապետի խոսքով` Ինանցների ընտանիքը նորմալ, հարգված, ինչպես նաեւ ուսուցչի բարի համբավ վայելող ընտանիք է:
Տեղեկացանք նաեւ, որ Խաչիկ Ինանցը միայնակ է ապրում Գետամեջում, իսկ որդին վարձով բնակվում է Նոր Հաճնում:
«Խաչիկը Գետամեջի միջնակարգ դպրոցում քիմիայի ուսուցիչ է: Նրա երկրորդ կինն էլ` Գրիգորի մայրը, քիմիայի ուսուցիչ է եղել, բայց, ցավոք, մահացել է»,-նշեց գյուղապետը եւ հավելեց, որ իրեն թույլ չեն տվել տեսակցել Գրիգորին եւ տեղեկանալ նրա առողջական վիճակի մասին` պատճառաբանելով, թե նա վերակենդանացման բաժանմունքում է:
Զրուցեցինք նաեւ Գրիգոր Ինանցի խորթ եղբոր` ատամնաբույժ Ստյոպա Ինանցի հետ, որը շատ ընկճված էր տեղի ունեցած միջադեպից. «Հիմա ես շատ վատ վիճակում եմ եւ խնդրում եմ նման ինֆորմացիա մի՛ հավաքեք եւ մի՛ մասսայականացրեք այս խնդիրը: Ինչ եղել, եղել ա»: Խոսելով եղբոր առողջական վիճակի մասին` նա հայտնեց. «Հիմա լավ է եւ դեպի լավն է գնում»:
Նշենք, որ դանակահարված Գրիգոր Ինանցը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որի հերթապահ բժիշկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գրիգորի վիճակը գնահատեց կայուն ծանր:
Երեկ՝ կեսօրին էլ, լուր տարածվեց, որ ՀՀ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղական համայնքի մոտ 60-ամյա բնակիչ Հովհաննես Վարդանյանը փորձել է ինքնահրկիզվել:
«Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի առնչությամբ մանրամասներ ճշտել համայնքի ղեկավար Գեւորգ Ներսիսյանից, որը հերքեց ինքնահրկիզման փաստը` պարզաբանելով. «Հովհաննեսը վատառողջ մարդ է: Նա ինսուլտ էր տարել: Ուղղակի տանից դուրս է եկել, որ դրսում ծխի: Ինքն էլ դժվար է քայլում: Սինթետիկ փոխան է հագած եղել: Եկել, նստել է իրենց տան մուտքի մոտ ու փորձել է ծխախոտ վառել: Լուցկիով վառել է ու երեւի մոռացել այն հանգցնել: Հետո վառված լուցկին կպել է իր սինթետիկ փոխանին ու վառվել: Այդ ժամանակ նա սկսել է գոռալ, ձայն տալ, օգնություն խնդրել: Հարեւաններն էլ եկել են ու ջուր լցրել վրան: Հիմա նա հիվանդանոցում է եւ կընդունի համապատասխան բուժումները, դուրս կգա»:
Զրուցեցինք նաեւ այն երիտասարդի հետ, որը փրկել էր Հ. Վարդանյանին (անունն իր խնդրանքով չենք հրապարակում): Նա շատ շփոթված էր ու զարմացած կատարվածից: «Դե անշառ մարդ էր, այսքան ժամանակ ոչ ոքի ոչ մի վատ բան չի արել: Միայն առողջական շատ խնդիրներ ունի ու վերջ: Այդ ժամանակ ես իրենց տան մոտ կանգնած էի ու բարձր գոռոցներ լսեցի: Անմիջապես վազեցի, որ տեսնեմ, թե ով է կամ ինչ է ուզում: Տեսա՝ վառվում էր, արագ ջուր գտա, լցրեցի վրան: Հետո տեսա, որ չեմ կարողանում ամբողջությամբ հանգցնել կրակը, կանչեցի մյուս հարեւաններին: Նրանք էլ եկան ու օգնեցին ինձ: Շատ էր վառվել, հատկապես դեմքը: Ես նման բան միայն կինոյում էի տեսել»,-շփոթված պատմեց երիտասարդը:
Իսկ համագյուղացիներից տեղեկացանք, որ կնոջից ամուսնալուծված Հ. Վարդանյանը բնակվում է հոր հետ: Գյուղացիների խոսքով՝ Վարդանյանը երբեւէ չի աշխատել: Նրանց միակ եկամտի աղբյուրը թոշակն է, իսկ միակ հարազատը` քույրը, որը բնակվում է նույն համայնքում:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ