«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պետությունը միայն նրա համար չէ, որ հարկեր հավաքի, չինովնիկական մեծ ապարատ պահի եւ զոռով-փողով-ճնշումներով ընտրությունների կեղծման գործիք դառնա։ Պետությունը սոցիալական պատասխանատվություն ունի իր ժողովրդի առաջ։ Արդարադատություն, անվտանգություն, տնտեսական զարգացում, վերջապես՝ հանրության համար ապրելու բարեկեցիկ ու մարդու բնույթին արժանավայել պայմաններ ապահովելու պարտականություն։ Այն պետությունը, որի միայն «ֆասադն» է առկա՝ հիմն, գերբ, դրոշ, ազգային դրամ, բանակ, նախագահ-կառավարություն եւ այլն, բայց բովանդակությունը չկա, ըստ իս, լուծարման ենթակա է։
Իսկ որ մեզանում այդ բովանդակությունը բացակայում է, ոչ մեկի համար գաղտնիք չէ։ Օրինակներ՝ ինչքան ուզեք, բայց այսօր ուզում եմ ներկայացնել մի փոքրիկ համայնքի՝ Թալինի տարածաշրջանի Մաստարա գյուղի գլխին եկածը։ Այս գյուղն ապրում է անասնապահությամբ։ Մարդիկ ծանր, չարքաշ աշխատանքով անասուն են պահում՝ կաթ, միս մթերում եւ գոյատեւում։ Օրերից մի օր կաթ մթերող կազմակերպությունը հրաժարվում է կաթն ընդունել գյուղացիներից։ Գուցե՝ օբյեկտիվ պատճառաբանություններով։
Շվարած գյուղացիները փորձեցին բողոքել, ակցիաներ անել։ Մթերողները զիջեցին՝ լավ, կվերցնենք կաթը, բայց 1 լիտրի դիմաց առաջվա 130 դրամի փոխարեն 100 դրամով։ Այսինքն, այն կաթը, որը մենք խանութից գնում ենք 400-420 դրամով, գյուղացուց մթերում են 100 դրամով։ Անգամ եթե չհաշվենք, որ գյուղացու մաքուր, անարատ կաթին հաստատ մեկը մեկին ջուր են ավելացնում, նոր ուղարկում խանութ, ապա ակնհայտ է, որ մթերողներն առնվազն մեկին երեք-չորս շահույթ են ունենում։ Թերեւս հենց այս հարցերում է, որ պետությունը պետք է միջամտի․ ապահովի մեկի արտադրության շարունակականությունը, կանխի մյուսի գերշահույթ ստանալը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: