ՀՀ վերահսկիչ պալատը 2014 թվականին ստուգումներ է իրականացրել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում, ինչի արդյունքում մեծ թվով խախտումներ ու թերություններ է հայտնաբերել: Այսուհանդերձ, ըստ ՎՊ-ի՝ ընդերքի պետական տեսչության կողմից բացահայտված թերություններն ու անհամապատասխանություններն անմիջապես չեն վերացվում, տարիներ շարունակ կատարվում են ընդերքի տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, սակայն արդյունքները չեն ներկայացվում պաշարների հաստատման համար:
Նշենք, որ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացման գործընթացը կարգավորվում է «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածով, ըստ որի՝ լիազոր մարմինը դիմումի գրանցման օրվանից հետո՝ 45-օրյա ժամկետում, որոշում է ընդունում դիմումի վերաբերյալ: Եթե սահմանված ժամկետում լիազոր մարմինը դիմումի վերաբերյալ որոշում չի ընդունում, ապա դիմումը համարվում է բավարարված, իսկ լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն: Այսպիսով, ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կամ ընդերքի տրամադրման գործակալության կողմից հաշվետու ժամանակաշրջանում թվով 95 ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման ապահովման, ինչպես նաեւ հանքային իրավունքի վերաձեւակերպման գործընթացում ընտրանքային վերահսկողությամբ 32 դեպքում արձանագրվել են խախտումներ եւ թերություններ:
Արձանագրված խախտումների եւ թերությունների շարքում առանձնանում են մի շարք դեպքեր, երբ դիմումից մինչեւ որոշման կայացում տեւել է 100 եւ ավելի օր, մինչդեռ սահմանված առավելագույն ժամկետը 45 օր է: Ավելին՝ ՎՊ-ի ստուգմամբ պարզվել է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության իրավունք հայցելու «որոշ» դիմումներ բավարարվել են շատ կարճ ժամկետում՝ 6, 20, 24 կամ 30 օրում:
Օրինակ՝ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ն եւ «Պարամաունդ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն 3 օրվա տարբերությամբ դիմել են ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպման համար: Սակայն «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության իրավունքը վերաձեւակերպվել է 172 օր հետո, իսկ «Պարամաունդ Գոլդ Մայնինգ» ընկերության ընդերքօգտագործման իրավունքի վերաձեւակերպումը տեւել է ընդամենը մեկ օր: Նաեւ ՎՊ-ի կողմից արձանագրվել են դեպքեր, երբ խախտելով «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի պահանջները՝ մի շարք ընկերությունների հայտեր մերժվել են թույլատրելի՝ 45 օր ժամկետից շատ ավելի ուշ, մինչդեռ դրանք օրենքի ուժով պետք է բավարարված լինեին: Օրինակ՝ «Սթոուն Լենդ» ՍՊԸ-ի հայտը մերժվել է դիմումի գրանցման օրվանից 345 օր հետո, իսկ «Արեւ 2» ՍՊԸ-ի հայտը մերժվել է դիմումի գրանցման օրվանից 83 օր հետո:
Ըստ ՎՊ-ի՝ ՀՀ մարզեր գործուղված ընդերքի պետական տեսչության պաշտոնատար մի շարք անձանց պարտականությունների կատարումը ձեւական բնույթ է կրել: Տեսչության կողմից թվով 295 ընդերքօգտագործողի մոտ իրականացված ստուգման նյութերի ուսումնասիրությամբ 114-ի դեպքում վերահսկիչ պալատն արձանագրել է տեսչական ստուգումների իրականացման եւ համապատասխան փաստաթղթավորման գործընթացում մի շարք խախտումներ եւ անհամապատասխանություններ: Օրինակ՝ տեսուչն ընդգրկվել է ստուգման հանձնարարագրում եւ գործուղվել է ստուգման վայր, սակայն չի ստորագրել ստուգման համապատասխան ակտը: Բացի այս՝ ընդերքի պետական տեսչությունը ստուգումների ընթացքում կիրառել է սխալմունքի անհայտ աստիճանով մարկշեյդերական չափագրման համար անհրաժեշտ սարքավորումներ: Սակայն ստուգող սարքերը մինչեւ ստուգումներ սկսելը սահմանված կարգով ստուգաչափման ենթարկված չեն եղել: Ավելի ուշ պարզվել է, որ տեսչությունն ընդհանրապես չի ունեցել նման սարքեր: Եւ տեսուչները ՎՊ-ին այս մասով պարզաբանել են, որ տվյալ սարքերն օգտագործվել են «մասնավոր» անձանց միջոցով:
Բացի այս՝ ՎՊ-ն բացահայտել է, որ առանձին թույլտվություններով մի քանի ընդերքօգտագործողներ շահագործել են միեւնույն հորատանցքը: Իսկ արդյունաբերական եւ բուժական նպատակներով արդյունահանված հանքային ջրի փաստացի չափաքանակը քիչ է ընդերքօգտագործող ընկերությունների լիցենզիայով տրամադրված չափաքանակից եւ ընդերքն օգտագործվել է առանց հողատարածքի վարձակալության պայմանագրի:
«Ժողովուրդ»-ը ՎՊ-ի կողմից բացահայտված խախտումների վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանից, սակայն վերջինս համառորեն չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Նկատենք, որ այս գերատեսչության նման անպատասխանատու աշխատելաոճն արդեն բոլորին է հայտնի: Հիշենք թեկուզ ՀՀ Լոռու մարզի Ախթալայի ԼՀԿ-ի դեպքը. 2014 թվականին էներգետիկայի բնական պաշարների նախարարությունը լայնածավալ ստուգումներ իրականացրեց, խախտումներ հայտնաբերեց, սակայն այդպես էլ Ախթալայի ԼՀԿ-ն ո՛չ տուգանվեց, ո՛չ էլ պատժվեց կատարած խախտումների համար:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ո՞ՒՐ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՓԱՅԼԱԾ ԱՍՏՂԵՐԸ
«Ժողովուրդ»-ը շարունակում է անդրադառնալ իրենց ասպարեզում երբեւէ փայլած հայ աստղերին, որոնք այսօր չեն երեւում էկրաններին, հաճախ չեն ներկայանում հանրային միջացառումներին, եւ, այնուամենայնիվ, մարդիկ դեռ հետաքրքրվում են նրանցով, իսկ երկրպագուներն էլ ուզում են վերջիններիս «հետ վերադարձնել» ասպարեզ:
Այսպիսով, հերթական աստղը, որի մասին մենք տեղեկություններ ենք պարզել, հաղորդավար Արտավազդ Ամիրյանն է: Նա «Ժողովուրդ»-ի հետ անկեղծացավ` նշելով, որ ինքն էլ հաճախ կարոտում է հեռուստատեսությունը, թեպետ իր այժմյան աշխատանքը որոշ չափով լրացնում է այդ բացը. «Այժմ աշխատում եմ Երեւանի քաղաքապետարանում, մշակույթի եւ տուրիզմի վարչությունում, որն, ինչպես գիտեք, իրականացնում է բազմաթիվ ծրագրեր: Դրանց շրջանակում կազմակերպվող միջոցառումներում ունեմ իմ մասնակցությունը թե՛ որպես կազմակերպիչ, թե՛ որպես հանդիսավար»,- պատմեց Արտավազդը` հավելելով, որ դրան զուգահեռ ինքը ղեկավարում է մի մեդիա հոլդինգ, բազմաթիվ միջոցառումներում ու համերգային ծրագրերում ներկայանում է որպես հանդիսավար:
Մեր այն հարցին, թե ինչպիսին պետք է լինի հեռուստատեսություն վերադառնալու առաջարկը, որպեսզի ինքն այն ընդունի, Արտավազդը պատասխանեց. «Ինձ համար ֆինանսի գործոնը նշանակություն չունի, կարեւորն այն է, որ հաղորդման ֆորմատն ինձ հարազատ լինի»:
Հաջորդ աստղը, որին մենք «գտել ենք», դերասանուհի Քեթրին Մանասյանն է, ով ժամանակին Երեւանի կամերային թատրոնի ամենավառ կերպարներից մեկն էր: Քեթրինի ստեղծագործական դադարն, իհարկե, պայմանավորված էր մայրանալու հանգամանքով, սակայն նրա առաջնեկը շուտով կդառնա 1 տարեկան, ուստի ընթերցողներին հետաքրքիր է, թե երբ կարելի է սպասել դերասանուհու վերադարձին: Քեթրինը մեզ տեղեկացրեց, որ թատրոնում արդեն մասնակցում է սահմանափակ թվով ներկայացումների. «Հաճախ ինձ հարցնում են` արդյոք թատրոնից դուրս եմ եկել, թե ոչ, ես, իհարկե, պատասխանում եմ, որ չեմ էլ պատրաստվում նման քայլի դիմել: Երեխան իր տեղն ունի, աշխատանքը` իր, առանց դրանցից որեւէ մեկի ինձ կիսատ եմ զգում»: Դերասանուհին նաեւ նշեց, որ այս ընթացքում հասցրել է մի շարք նախագծերի մասնակցելու, գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ ստանալ, սակայն հասկանալի պատճառով մերժել է. «Այն մայրերից եմ, որոնք ամբողջովին նվիրվում են երեխային»,- ասաց դերասանուհին, այնուամենայնիվ, հույս հայտնելով, որ շուտով կվերադառնա ասպարեզ:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՑ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆ
Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղից արտագաղթը շարունակվում է: 1985-1987թվականներին Վազաշենի միջնակարգ դպրոցն ուներ 370 աշակերտ: Մինչդեռ այս ուսումնական տարում Վազաշենի դպրոցում սովորել է 85 աշակերտ: Դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանն ասաց, որ այս տարի կրթօջախն ունեցել է 9 շրջանավարտ: Աշնանը գյուղի դպրոցի առաջին դասարան կհաճախի 2 կամ 3 երեխա: Դպրոցի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է նվազում դպրոցի աշակերտների քանակը: Ս. Խաչատրյանն ասաց. «Քոչում են Ռուսաստան»: Որո՞նք են Վազաշենից արտագաղթի պատճառները: Վազաշենում մարդկանց կյանքը, կենցաղը ծանր է, դրան գումարվում է ադրբեջանական գնդակոծությունների մշտական վտանգը: Հայաստանի Կառավարությունն էլ բավարար աջակցություն չի ցուցաբերում սահմանագոտում ապրող վազաշենցիներին: Օրինակ` 2013թ. Վազաշենում աֆրիկյան ժանտախտից սատկեց 180 խոզ: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը բազմիցս դիմեց Կառավարություն, որպեսզի աֆրիկյան ժանտախտից անկված անասունների տերերին ֆինանսական փոխհատուցում տրվի: Այդ հիվանդությունից անասուններ կորցած 16 վազաշենցի 2013 թվականին աջակցության խնդրանքով նամակ գրեց ՀՀ վարչապետին, սակայն ապարդյուն: Անասնատերերից շատերը բանկերից վարկեր էին վերցրել, ուստի ստիպված պետք է բռնեին արտագաղթի ճանապարհը` գումար աշխատելու եւ գոնե բանկերի վարկերը մարելու համար:
ՏԱՎՈՒՇԸ ՀՆԴԿԱՍՏԱՆՆ Է ԴԱՐՁԵԼ
Իջեւան-Դիլիջան հատվածում, ընդհանուր 34 կիլոմետր տարածության վրա երթեւեկելով` առնվազն 6 տեղ կարելի է տեսնել առանց հովիվների հսկողության նախիրների: Կովերն անարգել մտնում են Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհ՝ խանգարելով երթեւեկությանը, ստեղծելով վթարային իրավիճակներ: Այդ ավտոճանապարհին կարելի է տեսնել նաեւ ձիերի երամակներ: Խնդիրը վաղուց գոյություն ունի, սակայն իր լուծումը չի ստանում: Ո՞վ պետք է նախիրը ճանապարհից հեռացնի, երբ դրա տերը գերադասում է կենդանիներին առանց հսկողության թողնել: Ո՞վ պետք է արգելափակի թափառող, ստեպ-ստեպ միջպետական ավտոճանապարհին հայտնվող կովերին, դրա համար վարչական տուգանքի ենթարկի անասունների տերերին: Հայտնի են բազում դեպքեր, երբ ավտոմեքենաները ճանապարհին բախվել են կովերի: Դրա հետեւանքով եղել են վիրավորներ, ջարդվել ավտոմեքենաներ, սատկել կովեր: Տավուշը կարծես Հնդկաստանն է դարձել, ուր կովերը սրբազան կենդանի են համարվում եւ անձեռնմխելի են: Միջպետական ավտոճանապարհին նախիրների ներկայությունն այնքան սովորական է, որ ոստիկանները ծառայողական մեքենաներով անցնելիս՝ դրան չեն արձագանքում:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ