Ազգային ժողովի արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին նախագիծը:
Հիմնական զեկուցողը Էկոնոմիկայի նախարար Կարեն ճշմարիտյանն էր, ում հարց ուղղեց նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահը նախ համոզմունք հայտնեց, որ կառավարությունը հետևողական քաղաքականություն է իրականացնում ավիացիայի ոլորտում:
ԱԺ փոխնախագահը համաձայն էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն տեսակետի հետ, որ մեր քաղաքացիները մեծ մասամբ նախընտրում են օգտվել Թբիլիսիի օդանավակայանից, քանի որ այնտեղով իսկապես ավելի մատչելի է ստացվում:
«Հնարավոր չէ՞, որ Գյումրիի օդանավակայանից ունենանք ծառայություն, որը լինի եթե ոչ որակյալ, գոնե` էժան, որպեսզի քաղաքացիները ընտրելու հնարավորություն ունենան», – հարցրեց Շարմազանովը և հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ մենք էլ ունենանք ազգային փոխադրող:
Ճշմարիտյանը նշեց, որ կոնկրետ ընկերությունների հետ բանակցություններ են վարվում, որ Գյումրիից իրականացվեն թռիչքներ:
«Իսկ թե ի՞նչ կլինի, հետո պարզ կլինի: Ազգային փոխադրողի հետ կապված` ցանկացած ընկերություն, որը նախաձեռնող կլինի, ՀՀ կառավարությունը կաջակցի դրան, երկրորդ կարծիք լինել չի կարող»,- եզրափակեց Ճշմարիտյանը: