Հայազգի միլիարդատեր Քըրք Քրքորյանի կտակի համաձայն` հուղարկավորությունը տեղի կունենա Լոս Անջելեսում` ընտանիքի և մոտ հարազատների նեղ միջավայրում:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
«Կլինի ոչ հանրային, փակ հուղարկավորություն, որին կմասնակցեն ընտանիքի անդամները և մոտ հարազատները: Քըրք Քրքորյանը շատ չէր սիրում լինել հանրային վայրերում. նրա անունով շենքեր, հաստատություններ չեք տեսնի, միշտ առանձին էր անում ամեն ինչ: Նրա ցանկությունն է եղել, որ հուղարկավորությունը լինի ոչ մարդաշատ»,- հայտնել է Հարութ Սասունյանը:
98 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ազգային հերոս, ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար Քըրք Քրքորյանը: Մահվան բոթը հաստատել է Քըրքորյանի «Տրասինդա Քորփորեյշնի» նախագահ և գործադիր տնօրեն Էնթոնի Մանդեկիքը: Քըրքորյանը մահացել է երկուշաբթի երեկոյան՝ Բեվերլի Հիլլզի իր տանը:
Քըրք Քրքորյանը ծնվել է 1917թ. հունիսի 6-ին Ֆրեզնո քաղաքում: Զբաղվել է հյուրանոցային շինարարությամբ, կինո և ավտոմոբիլային արտադրությամբ: Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ շրջափակման ու տնտեսական ճգնաժամի տարիներին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարբեր ծրագրերին նվիրաբերել է ավելի քան 20 մլն դոլար:
1996թ. կրկնապատկել է Լոս Անջելեսի հեռուստամարաթոնի ընթացքում հավաքած գումարը` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի շինարարությանը հատկացնելով մոտ 4 մլն դոլար: 2001-ից նրա «Լինսի» հիմնադրամը 200 մլն դոլարի արժողության ծրագրեր է իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների նորոգման, աղետի գոտու վերականգնման ուղղությամբ: Հայաստանի Ազգային հերոս է:
Պարգևատրվել է «Հայրենիք» շքանշանով: