ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՇՏՈՆԱԶՐԿԵԼ Է
Ուրբաթ օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնազրկել է Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Արթուր Հակոբյանին, որը նախկինում զբաղեցնում էր Շիրակի մարզային ոստիկանության քրեական բաժնի պետի պաշտոնը: Ըստ «Առավոտ»-ի՝ նրան վաղ առավոտյան զանգահարել ու շտապ  կանչել են Վլ. Գասպարյանի մոտ ու Երեւան հասնելուն պես` հեռացման հրամանը ձեռքը տվել: Թե ինչու են պաշտոնազրկել ոստիկանապետին, բոլորին անհայտ է մնացել, նույնիսկ Անիի տարածաշրջանի ոստիկանները  բացարձակ անտեղյակ են, միայն նրա՝ Երեւան մեկնելուց հետո իմացել են, որ այլեւս չի վերադառնալու:

ՏՈՆԱԾԱ՛Ռ ՋԱՆ
Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները: Սովորաբար դրանք սկսվում էին դեկտեմբերին, սակայն այս տարի քաղաքապետարանը որոշել է տոնական միջավայրն ավելի շուտ ձեւավորել:  

ՍԱՇԻԿԻ ՈՐԴԻՆ
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, «Ռենջ Ռովեր» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի վարորդը  Երեւանի  Պարոնյան փողոցում՝ «Հայաստանում եվրոպական միության պատվիրակություն» վարչական շենքի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել էլեկտրասյանը:
Վթարի հետեւանքով մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարված ավտոմեքենայում է եղել նաեւ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը:

ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի հետ: Հանդիպման ժամանակ Հեֆերնը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Էրիկ Ռուբինը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր:

ՌՈՒՍԱԿԱԿԱՉՆԵՐ
Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը հայտարարել է, որ 2013թ. գարնանը Երեւանում հոլանդական կակաչների գունային հրավառություն է լինելու, քանի որ քաղաքապետարանը Հոլանդիայից կակաչի 300 հազար սոխուկ է ներկրել, որոնք ապրիլից տնկվելու են բոլոր վարչական շրջաններում: Մարտիրոսյանը հայտարարել է, որ սոխուկները երեք գույնի են՝ կարմիր, սպիտակ, կապույտ: «Լրագիր»-ը նկատում է, որ այդ գույները  խորհրդանշում են Ռուսաստանի դրոշի գույները եւ հավելում. Ռուսաստանը, ըստ երեւույթին, Երեւանի քաղաքապետարանում խոր հետք է թողել Անաստասիա Վոլոչկովայի այցից եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ ջերմ լուսանկարներից հետո:

ՀԱՎԻ ՄԻՍԸ ԿԹԱՆԿԱՆԱ
«Ամոթ է, որ այսօրվա վիճակով մենք հավի մսի 75 տոկոսը ներկրում ենք տարբեր երկրներից, այդ թվում՝ Բրազիլիայից»,-երեկ ասել է Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Իսկ «Արաքս» թռչնաֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը  նշել է, որ  տեղական շուկայում հավի մսի թանկացման միտումներ կան: Ըստ նրա՝ թանկացումը պայմանավորված է նրանով, որ հավի կերի 65 տոկոսը կազմում են հատիկավորները, իսկ ցորենի գներն այսօր բարձրանում են:

ՆՈՐ ԱՐԱԳԱՉԱՓԵՐ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երեւանում եւ միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես 2012թ. դեկտեմբերի 1-ից գործարկվելու են Երեւանի Խաղաղ Դոնի, Չեխովի փողոցներում եւ Ազատության պողոտայում նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Նշված վայրերում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:




Լրահոս